Հունաստանի ամենահեղինակավոր Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես

0
Screenshot_12

Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ և աջակցությամբ՝ Ակրոպոլիսի թանգարանում բացվել է «Հին Հայաստան» խորագրով ցուցահանդեսը։ Այն Հայաստանի պատմության թանգարանի և Ակրոպոլիսի թանգարանի համագործակցության արդյունք է՝ իրականացված երկու երկրների համապատասխան նախարարությունների աջակցությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից, ցուցահանդեսը բացմանը ողջույնի խոսքերով հանդես են եկել Հունաստանի մշակույթի նախարար դոկտոր Լինա Մենդոնին և Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն դոկտոր Դավիթ Պողոսյանը և Ակրոպոլիսի թանգարանի գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Նիկոլայոս Ստամպոլիդիսը։

Հունաստանի մշակույթի նախարար Լինա Մենդոնին ողջունել է առաջին անգամ Հայաստանին նվիրված նման մասշտաբի ցուցահանդեսի կազմակերպումը, վերհիշել 2024 թ. դեկտեմբերին Հայաստան կատարած իր այցը, ինչպես նաև մեծապես կարևորել 2025 թ. ամռանը իր հրավերով ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի Աթենք կատարած այցը, որի ընթացքում շարունակվեցին ցուցահանդեսի կազմակերպման քննարկումները։ Նա ամդրադարձ է կատարել նման գիտական հենք ունեցող ցուցահանդեսների միջոցով պատմության տարբեր շրջանների լուսաբանման կարևորությանը մեր օրերում։

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը կարևորել է վերջին տարիներին երկու երկրների մշակութային համագործակցության խորացումը, ինչպես նաև ընդգծել ցուցահանդեսի դերը երկու երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների առավել սերտացման գործում։

Իր խոսքում դեսպան Տիգրան Մկրտչյանը նշել է, որ սա Ակրոպոլիսի թանգարանում Հայաստանին նվիրված երբևէ առաջին ցուցահանդեսն է, ինչպես նաև Հունաստանում նախաքրիստոնեական Հայաստանին նվիրված առաջին ցուցահանդեսն է։ Միաժամանակ դեսպան Մկրտչյանն ընդգծել է, որ այս ցուցահանդեսում ներկայացվում են շուրջ 200 ցուցանմուշներ և այդ առումով նույնպես այն բացառիկ է, քանի որ Հայաստանի պատմության թանգարանից այդչափ ցուցանմուշներ միաժամանակ չեն ուղարկվել ցուցադրության երկրից դուրս։ Նա հիշեցրել է, որ ցուցահանդեսի կազմակերպման քննարկումները սկսվել են 2024 թվականին, և որ ցուցահանդեսի սկզբնական շրջանակն ընդլայնվել է՝ ընդգծելու հին Հայաստանի և հունական աշխարհի միջև փոխադարձ ազդեցությունները։

Նյութն ամբողջությամբ ընթերցեք հղումով՝ https://armenpress.am/hy/article/1266312

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով