Փլված կառավարման համակարգի պարտությունը — Hetq.am
Նրանք չկան, մի հսկա դատարկ խոռոչ է մեր մեջ, որը լցնել հնարավոր չէ: 4-5 հազար հոգի չկա այլեւս:
Այսօր մեծ մասը, չգիտեմ ինչու, համոզված ասում է, որ մենք այս պատերազմում պարտվելու էինք: Նախ՝ պատերազմից հնարավոր էր խուսափել, բայց իշխանություններն ունակ չէին դա անելու: Նրանք պատրաստ չէին իրենց պոպուլիզմից մի սանտիմետր նահանջելու: Այնպես որ, անիմաստ արդարացումներ մի’ փնտրեք: Ու ամեն ինչ բանակի վրա մի’ բարդեք: Մենք ունեինք 30 տարեկան բանակ, որը միշտ կատարել է առաջադրված խնդիրները: Բանակը մի օրում չի ստեղծվել, անցել է չափազանց դժվարին ճանապարհ: Այո, բանակում կային բազում խնդիրներ, բանակից թալանում էին (են), գողանում էին (են), բայց դա չի նշանակում, որ մենք բանակ չունեինք: Դուք չեք պատկերացնում, թե մենք ինչպիսի զինվորներ ու սպայակազմ ունեինք բանակում:
Ես միանգամայն հակառակ կարծիքին եմ, մի’ արդարացրեք այսօրվա իշխանություններին, գերագույն գլխավոր հրամանատարին: Նույնիսկ համոզված եմ, որ մեր ունեցած զենքերը բավարար էին թշնամուն կանգնեցնելու, հյուծելու ու ստիպելու դադարեցնել ռազմական գործողությունները: Իսկ եթե հակաօդային պաշտպանության «Տոր» համակարգերով բանակը համալրվեր մինչեւ հարձակումը, օդն ընդհանրապես փակ կլիներ: Նույնիսկ եթե առաջին օրերին արագ բերվեին հակաօդային նոր միջոցներ (դրանք շատ ուշ բերվեցին), որն, անշուշտ, հնարավոր էր, պատերազմը միանգամայն այլ ելք կունենար: Բայց իմքայլականները լուրջ չէին ընկալում պատերազմը սկսելու մասին բազում ազդակները: Սահմանից այն կողմ կուտակումներ կային, հարձակումից դեռ ամիսներ առաջ անդադար ինժեներական աշխատանքներ էին կատարվում, ամիսներ շարունակ: Բայց այս ամենն իշխանության համար հազարերորդական հարց էր:
Ես այսօր էլ համոզված եմ, որ եթե իմանայինք հարձակման օրն ու ժամը, թշնամուն ժամանակին կկանգնեցնեինք լրիվ ուրիշ բնագծերում: Առաջին հարվածին եթե պատրաստ լինեինք, պատերազմն այլ ելք կունենար: Մի օրինակ բերեմ. պաշտպանական ուղղություններից մեկում հարձակման առավոտյան երեք ԱԹՍ է խփել մեր ՀՕՊ-ը: Ինչու՞ մնացած ուղղություններում նույնը չի եղել, ոչ ոք չի էլ փորձում իմանալ: Մինչեւ հիմա, իմ ունեցած հանդիպումներից եմ եկել այդ եզրակացության, նույնիսկ չեն վերլուծել մեր պարտության պատճառները, չեն ուսումնասիրել տարբեր հատվածների մարտերը, կորուստների, հակահարձակման գործողությունների ձախողման պատճառները:
Երբ ինձ հարցնում են՝ ո՞րն է մեր պարտության պատճառը, անմիջապես պատասխանում եմ՝ տգիտությունը: Ապաշնորհ, անգրագետ կառավարման պատճառով ունեցանք այսքան զոհ, վիրավոր ու կորցրինք Արցախը: Այնպիսի խառնաշփոթ էր կառավարման համակարգում, որ նույնիսկ զրահաբաճկոնները չէին կարողանում տեղ հասցնել:
<…>
Ու երբեք, երբեք չեմ կարողանա հասկանալ, թե գլխավոր շտաբի պետը 44 օրվա ընթացքում ինչու չեկավ զորքի մոտ, ինչու ոտք չդրեց Արցախ:
Այդպես էլ, որևէ հարցի պատասխան չստանալով, ավերեցինք երկրի անվտանգության համակարգը, Հայաստանը նետեցինք ռուսների եւ թուրքերի գիրկը: Ու այսօր մենք գրեթե չկանք որպես երկիր:
Էդիկ Բաղդասարյան
Ամբողջական հոդվածը կարդացեք Hetq.am կայքում