Ադրբեջանն արհեստական և անհիմն խոչընդոտներ է ստեղծում հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման ուղղությամբ. ՀՀ ԱԳ նախարար

ԱԳ նախարար Արա Այվազյանի հարցազույցը «РИА Новости» տեղեկատվական գործակալությանը

Հարց. Ինչպե՞ս է Երևանը տեսնում Լեռնային Ղարաբաղի (Արցախի) կարգավիճակի հարցը, բանակցային ի՞նչ ձևաչափի շրջանակներում այն պետք է որոշվի՝ Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան, թե՞, այնուամենայնիվ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության: Արդյո՞ք Երևանը դիտարկում է Լեռնային Ղարաբաղի (Արցախի)՝ որպես անկախ պետության ճանաչումը նոյեմբերի 9-ի հայտարարությունում նշված սահմաններում:           

Պատասխան. Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ուղղված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և ռազմական գործողությունների դադարեցմանը, ինչպես նաև Արցախում ռուս խաղաղապահների տեղակայմանը: Այս հայտարարությունն, ըստ էության, ուրվագծում է դրա ընդունման պահին առկա իրավիճակը՝ այն ըմբռնումով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական քաղաքական կարգավորման հարցը լուծված չէ։ Ելնում ենք նրանից, որ բացառապես բանակցությունների միջոցով կարելի է հասնել այնպիսի լուծման, որը հաշվի կառնի բոլորի իրավունքները և խաղաղություն ու կայունություն կբերի Հարավային Կովկաս։  Եվ նման կարգավորման հիմքում պետք է առաջին հերթին ընկած լինի Արցախի (Լեռնային Ղարաբաղի) կարգավիճակի որոշումը։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցն է: Այդ իրավունքը չի կարող ճնշվել կամ սառեցվել ուժի միջոցով:  Հայաստանը հանդես է եկել և շարունակելու է հանդես գալ Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքի ճանաչման դիրքերից: Որևէ կարգավիճակով և որևէ պայմաններում Արցախը չի կարող գտնվել Ադրբեջանի իրավասության ներքո: Վերջին ագրեսիան ևս մեկ անգամ հաստատեց, որ Արցախն Ադրբեջանի կազմում կնշանակի Արցախ՝ առանց հայերի։ Մենք բոլորս հիշում ենք 80-ականների վերջին և 90-ականների սկզբին կազմակերպված էթնիկ զտումները Ադրբեջանի խոշոր քաղաքներում, որոնք անմիջական կապ չունեին Լեռնային Ղարաբաղի հետ։ Փետրվարի 27-ին լրանում է Ադրբեջանի իշխանությունների մասնակցությամբ Սումգայիթ քաղաքի հայ բնակչության կոտորածի 33-րդ տարելիցը։ Սումգայիթում տեղի ունեցած իրադարձությունները և դրան հաջորդած Բաքվի ջարդերը, որոնք տեղի էին ունենում «փառք Սումգայիթի հերոսներին» կարգախոսների ներքո, ինչպես նաև ռազմական հանցագործություններն ու զանգվածային վայրագությունները, որոնք իրականացվել են 44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակի կողմից Արցախի օկուպացված տարածքներում, մասնավորապես Հադրութի շրջանում, ակնառու վկայությունն են այն իրողության, որ միայն ինքնորոշման իրավունքի իրացումը կարող է ապահովել հայ բնակչության կյանքն ու անվտանգությունն իր իսկ պատմական հայրենիքում:

Կարգավորման ձևաչափի վերաբերյալ մենք բազմիցս հայտարարել ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափն է, որի շրջանակներում պետք է ձեռք բերվի հակամարտության վերջնական քաղաքական լուծումը։ Այս առնչությամբ մեր դիրքորոշումն անփոփոխ է. խաղաղ կարգավորման առանցքային հարցերն այսօրվա դրությամբ լուծված չեն։  Դա լիովին համընկնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների տեսակետի հետ, որը հստակ ամրագրված էր նաև 2020 թ. դեկտեմբերի 3-ի հայտարարության մեջ։

Արցախի դեմ ագրեսիան, որպես հակամարտության լուծման մեթոդ ուժի կիրառումը մարտահրավեր են ողջ միջազգային հանրությանը, որոնք նաև խաթարում են ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ հանդիսացող համանախագահ երկրների միջնորդական ջանքերը ու հեղինակությունը: Մենք իրապես հույս ունենք, որ համանախագահները գործնականում կհաստատեն իրենց մանդատը և արդյունավետորեն կգլխավորեն խաղաղ գործընթացը։

Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից Արցախի՝ որպես  անկախ պետության ճանաչմանը, ապա Երևանը հավատարիմ է մնում բանակցային գործընթացին։  Այսօրվա դրությամբ մեր օրակարգում դրված է հենց խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման հարցը, որի արդյունքում հնարավոր կլինի ապահովել մեր տարածաշրջանում երկարաժամկետ անվտանգություն և կայունություն։

Հարց. Հնարավո՞ր է արդյոք ձեր հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ: Ընթանու՞մ են արդյոք բանակցություններ երկու երկրների ղեկավարների հանդիպման կազմակերպման վերաբերյալ:

Պատասխան. Մենք երբեք չենք հրաժարվում հանդիպումներից։ Սակայն ցանկացած հանդիպում, եթե այն չի կազմակերպվում միայն դրա անցկացումն արձանագրելու նպատակով, պետք է համապատասխանի որոշակի չափանիշների։ Նախևառաջ, խոսքը համապատասխան մթնոլորտի ստեղծման, հստակ օրակարգի ձևավորման մասին է, և, ինչը պակաս կարևոր չէ, այն պետք է ընթանա մյուս կողմի՝ պայմանավորվածությունները պահպանելու կարողության առկայության դեպքում:

Հարց. Ի՞նչ աշխատանքներ են տարվում ռուս խաղաղապահների, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Ադրբեջանի իշխանությունների հետ անհետ կորածների որոնման և զոհվածների մարմինների փոխանցման ուղղությամբ: Ե՞րբ, ըստ Ձեր կանխատեսումների, կարող է ավարտվել ռազմագերիների փոխանակման գործընթացը, կա՞ն արդյոք երկու կողմից գերիների քանակի մասին ճշգրիտ տվյալներ:

Պատասխան. Ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակումը նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Այս ուղղությամբ ազգային մակարդակով համակարգված միջգերատեսչական աշխատանք է տարվում: Հայաստանը կատարել է ռազմագերիներին «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով հանձնելու իր պարտավորությունները։ Ի հեճուկս դրան՝ Ադրբեջանն արհեստական և անհիմն խոչընդոտներ է ստեղծում հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման ուղղությամբ։ Ադրբեջանական կողմը մանիպուլյացիայի է ենթարկում հայ գերիների ցուցակը և հրաժարվում է ընդունել հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց գերության մեջ պահելու փաստը: Ավելին, պաշտոնական Բաքուն որոշ ռազմագերիների դեմ կեղծ մեղադրանքներով քրեական գործեր է հարուցում։

Ադրբեջանի նմանօրինակ վարքագիծը ոչ միայն հակասում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին, այլև հանդիսանում է եռակողմ հայտարարության դրույթների ուղղակի խախտում՝ դրանով իսկ հարցականի տակ դնելով վերջինիս դրույթների իրականացումը։

Բոլոր ռազմագերիների շուտափույթ և անվտանգ վերադարձն առաջնահերթություն է։  Այս հարցում մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության՝ որպես պատասխանատու և անկողմնակալ միջնորդի ջանքերը ռազմագերիներին վերադարձնելու մասին պայմանավորվածության լիարժեք կատարման հարցում: Համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ հայ գերիների մի մասի վերադարձը հայրենիք։ Այս մարդասիրական հարցի լուծման հետագա ձգձգումը, իհարկե, ոչ միայն խորացնում է հայ հասարակության ցավը, այլև միևնույն ժամանակ ուղղակի մարտահրավեր է ինչպես Ռուսաստանի Դաշնությանը՝ որպես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարման երաշխավորի, այնպես էլ՝ ընդհանուր առմամբ միջազգային հանրությանը։

Հարց. Ինչպե՞ս է Հայաստանը վերաբերում հրադադարի ռեժիմի վերահսկման համատեղ կենտրոնում թուրք զինվորականների ներկայության հանգամանքին: Քննարկվու՞մ է արդյոք հայկական կողմին այդ կենտրոնի աշխատանքներին ներգրավելու հարցը:

Պատասխան. Անկարայի բացասական դերակատարումը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում և հատկապես վերջին ագրեսիայում ակնհայտ է: Դա նախ և առաջ վերաբերում է Արցախի դեմ պատերազմում Մերձավոր Արևելքի՝ Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող շրջաններից ահաբեկիչների և զինյալների տեղափոխմանը և նրանց ակտիվ ներգրավվածությանը, Ադրբեջանին ռազմատեխնիկական աջակցությանը, ինչպես նաև նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությանը նախորդած կրակի դադարեցման վերաբերյալ երեք պայմանավորվածությունների բացահայտ տապալմանը:

Միջազգային հանրությունից ակնկալում ենք ավելի հասցեական ներգործություն Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս վերանայի Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ իր բացահայտ ագրեսիվ վերաբերմունքը:

Հարց. Երևանի համար ընդունելի՞ է Թուրքիայի ակտիվ ներգրավվածությունը Ղարաբաղյան բանակցային գործընթացում:

Պատասխան. Բանակցային գործընթացում կարող են մասնակցել հակամարտության կողմերը և միջազգային միջնորդները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Թուրքիան, որն անթաքույց կերպով հովանավորում էր Արցախում մերձավորարևելյան ահաբեկիչների գործունեությունը, ինչպես նաև Արցախի խաղաղ բնակչության դեմ կիրառել է իր զինվորական անձնակազմին և մարտական անօդաչու սարքեր, արդեն իսկ ակնհայտորեն ի ցույց է դրել ոչ միայն հակամարտության մեջ իր ներգրավվածության աստիճանը, այլև իր բացարձակ հեռավորությունը բանակցային գործընթացից:

Հարց. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության մեջ «կան նրբություններ, որոնք խնդրահարույց հարցեր են պարունակում» և որ «դրանց բոլորի շուրջ այժմ ակտիվ դիվանագիտական աշխատանք է տեղի ունենում»: Արդյո՞ք դա նշանակում է, որ Երևանը մտադիր է վերանայել նոյեմբերի 9-ի հայտարարության որոշ դրույթներ: Հաջողվու՞մ է համաձայնեցնել խնդրահարույց հարցերը, այդ թվում գերիների փոխանակումը:

Պատասխան. Հայաստանը խստորեն հավատարիմ է կողմերի՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր դրույթների կյանքի կոչման սկզբունքին: Հայտարարության պայմանների կատարմանն առնչվող հարցերի քննարկման նպատակով ազգային մակարդակով ձևավորվել են միջգերատեսչական հանձնաժողովներ: Որոշակի փուլերում ծագող հարցերը քննարկվում են աշխատանքային կարգով: Մենք մտադիր ենք նաև հետագայում հավատարիմ մնալ եռակողմ հայտարարության իրականացման այս մոտեցմանը:

Միևնույն ժամանակ, մենք ականատես ենք լինում որոշակի հարցերի շուրջ պայմանավորվածությունների կատարման ադրբեջանական կողմի ակնհայտ դժկամությանը, ինչի վկայությունն է եռակողմ հայտարարության դրույթների կամայական մեկնաբանությունը, այդ թվում՝ ռազմագերիների և պահվող այլ անձանց փոխանակման դրույթի մասով:

Հարց. Պաշտոնական Երևանը բազմաթիվ անգամներ հայտարարել էր հակամարտության գոտում Ադրբեջանի ԶՈւ կազմում ներգրավված օտարերկրյա վարձկանների մասին: Արդյո՞ք խնդիրը մնում է արդիական ռազմական գործողությունների ավարտից հետո: Կարո՞ղ է Երևանը ներկայացնել Լեռնային Ղարաբաղում (Արցախում) Սիրիայից վարձկանների առկայության ապացույցներ: Եվ արդյո՞ք այդ կապակցությամբ տարածաշրջանում պահպանվում է վտանգը:

Պատասխան. Արցախի դեմ ռազմական գործողություններում ներգրավելու նպատակով Ադրբեջանը և Թուրքիան օտարերկրյա զինյալ ահաբեկիչներ են տեղափոխել հակամարտության գոտի. այդ փաստը հաստատել են մեր միջազգային գործընկերները և, առաջին հերթին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ ամենաբարձր մակարդակով:

Արցախի տարածքում ձերբակալվել են օտարերկրյա զինյալներ, որոնք տվել են խոստովանական ցուցմունքներ: Քրեական գործերը փոխանցվել են համապատասխան դատական ատյաններ:

Ադրբեջանի կողմից օտարերկրյա զինյալների առկայության փաստը հաստատված է նաև մի շարք հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից: ՄԱԿ վարձկանների օգտագործման աշխատանքային խմբի 2020թ. նոյեմբերի 11-ի հայտարարության մեջ նշվում է, որ տարածաշրջանում տեղակայված վարձկաններն առնչություն ունեն զինված ահաբեկչական խմբավորումների հետ, որոնք առնչություն ունեն սիրիական հակամարտության ընթացքում պատերազմական հանցագործությունների իրականացման և մարդու իրավունքների լուրջ խախտումների հետ: Հայտարարությունը միանշանակ արտացոլում է Թուրքիայի դերը օտարերկրյա վարձկանների տեղափոխման գործում:

Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխված բոլոր օտարերկրյա վարձկանները պետք է անհապաղ և ամբողջությամբ դուրս բերվեն տարածաշրջանից: Ադրբեջանի ղեկավարության որոշումը՝ երկիրը վերածել թուրքական սատելիտի և ահաբեկչության օջախի, լուրջ սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանային, այլև միջազգային անվտանգության համար:

Հարց. Ի՞նչ մակարդակի վրա են այժմ գտնվում հայ-ռուսական հարաբերությունները: Երկկողմ կապերն ամրապնդելու անհրաժեշտություն տեսնու՞մ եք:

Պատասխան. Հայ-ռուսական միջպետական հարաբերությունների դաշնակցային բնույթն արդեն իսկ նախանշում է մշտական և շարունակական աշխատանք՝ դրանց հետագա ամրապնդման և ժամանակակից իրողություններին համապատասխանեցնելու տեսանկյունից՝ պայմանավորված ինչպես ժամանակով, այնպես էլ տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներով: Մենք մտադիր ենք համակարգված կերպով իրականացնել այս աշխատանքը՝ ելնելով մեր երկրների ժողովուրդների առանցքային շահերի ապահովման անհրաժեշտությունից:  Բնականաբար, այս աշխատանքի ամուր հիմքը եղել և շարունակելու է մնալ մեր ժողովուրդների բարեկամությունը: Ակնհայտ է, որ հայ-ռուսական հարաբերություններում համապատասխան զարգացումները չեն վերաբերելու փոխգործակցության առանձին վերցրած ոլորտի. դրանք ազդեցություն են ունենալու նաև այլ ոլորտների վրա, որոնք ամբողջությամբ ներառված են մեր դաշնակցային համագործակցության օրակարգում:

Մենք մտադիր ենք այս աշխատանքն իրականացնել համագործակցության միջպետական մեխանիզմների շրջանակներում: Խոսքը տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի, միջխորհրդարանական երկխոսության մասին է, աշխատանք է տարվելու նաև մեծ հանձնաժողովի և համապատասխան ոլորտային կոմիտեների շրջանակներում, այն նաև աշխատանք է ռազմատեխնիկական հանձնաժողովի շրջանակներում և այլ ձևաչափերով: Բնականաբար, այս ամենն իրականացվելու է մեր երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ակտիվ համակարգմամբ:

Ցանկանում եմ առանձնահատուկ ընդգծել Հայաստանի և Ռուսաստանի դիվանագիտական ծառայությունների մակարդակով առկա ինտենսիվ երկխոսության կարևորությունը, որը մտադիր ենք առավել զարգացնել:

Հոդվածը հասանելի է հետևյալ հղումով՝  https://ria.ru/20210227/ayvazyan-1599204112.html