ՀՀ նախագահը դիմել է Սահմանադրական դատարան. նախագահի աշխատակազմի հայտարարությունը
Հայաստանի Հանրապետության նախագահը, առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, դիմումի ներկայացումը պայմանավորված է նաև նշված օրենքի իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրներով, որոնք առավել ակնհայտ դարձան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վարչապետի նախաձեռնության և դրան հաջորդած սահմանադրական իրավական գործընթացների արդյունքում:
Սահմանադրական դատարանը օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում հնարավորություն ունի՝ համակողմանիորեն և համակարգային առումով փոխկապակցված քննություն իրականացնել և որոշում կայացնել:
Ներկայացված դիմումով Սահմանադրական դատարանի որոշումները և ձեռնարկվող հնարավոր միջոցները կարող են լրջագույն ազդեցություն ունենալ մինչև այժմ ընդունված որոշումների, ստեղծված իրավիճակին առնչվող ներկայիս և հետագա գործընթացների վրա՝ վերը նշված օրենքի մեկնաբանման և կիրառման համատեքստում:
Հանրապետության նախագահը հույս է հայտնում, որ հնարավորինս արագ համապատասխան որոշման կայացումը իրավական որոշակիություն կբերի և կնպաստի ներկայիս ճգնաժամի հանգուցալուծմանը: