Առողջական ինչ խնդիրներ կարող են զարգանալ ալկոհոլի գործածության հետևանքով

Ալկոհոլը խիստ բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա և կարող է դառնալ առողջական մի շարք խնդիրների զարգացման պատճառ։ Այս փաստը շատերին է հայտնի, սակայն այնուամենայնիվ ոչ բոլորը գիտեն, թե ինչպես են ոգելից խմիչքներն իրականում անդրադառնում օրգանիզմի վրա և ինչ հիվանդությունների պատճառ կարող են դառնալ։

Մասնագետները ներկայացրել են ինը վտանգավոր խանգարում, որոնք կարող են ի հայտ գալ ալկոհոլի գործածության հետևանքով ու խիստ բացասաբար անդրադառնալ ֆիզիկական ու հոգեկան առողջության վրա։ Նրանց խոսքով՝ ալկոհոլի գործածության առաջին բացասական հետևանքներից մեկը գլխուղեղի աշխատունակության անկումն է։ Բացի այդ, այս ըմպելիքները բարձրացնում են բերանի խոռոչի, կոկորդի ու կերակրափողի քաղցկեղի զարգացման հավանականությունը։

Ոգելից խմիչքների չարաշահումը կարող է հանգեցնել դեմքի այտուցի ու քթի հաստացման, իսկ ալկոհոլի երկարատև գործածությունը կարող է բարձրացնել սրտի հիվանդությունների զարգացման հավանականությունը։

Ավելին՝ ալկոհոլի գործածության դեպքում նկատվում է նաև սեռական օրգանների աշխատանքի խանգարում ու տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակի նվազում։ Չափազանց հաճախ օգտագործելու դեպքում ալկոհոլը կարող է հանգեցնել երիկամների հիվանդությունների, ինչպես նաև այտուցների, բորբոքային գործընթացների, ճարպակալման ու լյարդի ցիռոզի զարգացման։

Որոշ դեպքերում այս ըմպելիքների գործածության ֆոնին նկատվում են ծայրամասային նյարդերի վնասվածքներ ու աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրներ։ Օրինակ՝ կարող են նկատվել լորձաթաղանթների բորբոքումներ, չարորակ նորագոյացություններ, սննդարար նյութերի կլանման խանգարումներ, ինչպես նաև ենթաստամոքսային գեղձի վնասվածքներ, ուստի նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է խուսափել ալկոհոլային ըմպելիքներից կամ օգտագործել դրանք խիստ սահմանափակ։

Աղբյուր՝ https://www.tert.am/medicine/am/news/2021/03/11/alcohol/83032?fbclid=IwAR34_nfCfLwaZiUXmZAEKdFOFt2mYk4ffqP6QG06GxNlRNU-iYJxW5Tr_6Q