Հայկ Մարությանը չի կողմնորոշվում դե՞մ է Փաշինյանին, թե՞ կողմ․ Թեհմինա Վարդանյան — «Փաստինֆո»

Քաղաքային իշխանություններն անաշխատունակ են, ամուլ և իներտ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը՝ արձագանքելով 2020թ․-ի քաղաքապետարանի բյուջեի կատարողականին, որի ցուցանիշները բնութագրվում են որպես բոլոր ժամանակների ամենավատ ցուցանիշներ։

Նրա խոսքով` քաղաքային իշխանություններն ի սկզբանե չեն պատկերացրել՝ ինչ պետք է անեն և չնայած նրանք մոտ երեք տարի ժամանակ ունեին՝ ձևավորելու աշխատանքային ճիշտ օրակարգ և բյուջեի նախագծով առաջնորդվելու, սակայն ձախողել են ամեն ինչ։

«Նրանք որևէ կերպ չեն աշխատում։ Սա ալարկոտության սահմանի վերին շեմն է։ Եթե քաղաքապետն աշխատավայր է ժամանում 11-12-ին, ինչի՞ մասին է խոսքը։ Սկզբում ամեն ինչ բարդում էին համավարակի, այնուհետև պատերազմի վրա, սակայն փաստն այն է, որ նրանք պարզապես չեն ուզում աշխատել։ Պետք է հասկանանք դա և ազատենք նրանց իրենց զբաղեցրած աթոռներից»,-ասաց ավագանու անդամը։

Դիտարկմանը, որ նախատեսված և փաստացի ծախսված գումարների տարբերությունները հիմնականում պայմանավորում են գնումների գործընթացում առաջացած խնայողություններով, Թեհմինա Վարդանյանը նկատեց՝ իշխանություններն այդ խնդիրների մասին խոսում էին առաջին իսկ օրվանից և փաստացի նրանց չի հաջողվել սովորել՝ ինչպես պետք է իրականացնեն հասարակ գնման, կազմակերպման գործընթացը․ «Երբեմն ազնվորեն խոստովանում են, որ խնդիրներ ունեն գնումների գործընթացի հետ։ Սա պարզապես անթույլատրելի է, այս իշխանության հետ խոսելու և քննարկելու շատ քիչ բան է մնացել, թերևս միայն իրենց պաշտոնից հեռանալու հարցը»,-ասաց Թեհմինա Վարդանյանը։

Վերջինս ընդգծեց՝ այժմ էլ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը վարում է ջայլամի քաղաքականություն, որը շարունակվում է արդեն 4 ամիս․ «Նա չի կողմնորոշվում դե՞մ է Փաշինյանին, թե՞ կողմ է։ Մշտապես խուսափում է նման հարցերից»։

Աղբյուր` Փաստինֆո