Մի քանի փաստ՝ 2018 թվականին տեղի ունեցած խայտառակությունը խորհրդարանական ընտրություն համարողների համար. Էդգար Ղազարյան

Սահմանադրական Դատարանի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

՛՛Մի քանի փաստ՝ 2018 թվականին տեղի ունեցած խայտառակությունը խորհրդարանական ընտրություն համարողների համար, որպեսզի պարզ լինի, թե ինչու պետք է բացառել այս իշխանությունների օրոք որևէ նոր ընտրության կազմակերպումը։

1․ Խորհրդարանական կառավարման երկրում, որտեղ միակ համապետական ընտրությունը Ազգային ժողովի ընտրությունն է, կազմակերպվել է արտահերթ՝ նախորդ ընտրությունից մոտ մեկուկես տարի հետո, երբ քաղաքական ուժերը բավականաչափ սպառել էին իրենց ռեսուրսները նախորդ ընտրության ժամանակ։

2․ Ընտրությունների օրը որոշել է մեկ մարդ՝ Նիկոլ Փաշինյանը՝ այդ մասին հայտարարելով Երևանի ավագանու ընտրություններում իր համար գոհացուցիչ արդյունքներ արձանագրելուց հետո, չնայած այն բանին, որ նախապես հայտարարել էր, որ արտահերթ ընտրություն կանցկացվի 2019 թվական մայիսի կամ հունիս ամիսներին։

3․ Նախապես հայտարարվել է, որ ԱԺ ընտրություն կանցկացվի Ընտրական օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո։ Այդ նպատակով, փոխվարչապետ Արարատ Միրզոյանի ղեկավարությամբ ստեղծվել էր աշխատանքային խումբ՝ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու, այն քաղաքական ուժերի հետ քննարկելու նպատակով։ Գործընթացը դադարեցվել է, որևէ քննարկում, որ և քաղաքական ուժի հետ չի իրականացվել, ընտրությունը կազմակերպվել է գործող օրենսգրքով։

4․ 2018 թվականի ԱԺ ընտրության ժամանակ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործի դնելով պաշտոնական և վարչական ողջ ռեսուրսը, այդ թվում իրավապահ մարմինների համակարգը, սպառնալիքների միջոցով խոչընդոտ է ստեղծել ընդդիմադիր ուժերին հարող կամ անդամակցող, հատկապես, ռեյտինգային ընտրակարգով առաջադրված, նախորդ ընտրություններում մեծ թվով քվեների արժանացած թեկնածուների առաջ։ Հարկ է նկատել, որ նրանցից ոչ ոք չի առաջադրել իր թեկնածությունը 2018 թվականի ընտրության ժամանակ։

5․ Նախընտրական քարոզչության ընթացքում արդեն իսկ ուժային կառույցների միջոցով քրեական հետապնդումներով հայտնի գործելաոճ ընտրած վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձնական սպառնալիքներ է հնչեցրել այն համայնքների ղեկավարների հասցեին, որոնք համարձակություն են ցուցաբերել աջակցելու ընդդիմադիր ուժերին։

6․ 2018 թվականի դեկտեմբերին արձանագրվել է Հայաստանի պատմության մեջ համապետական ընտրությունների ռեկորդային ցածր մասնակցություն։ Մասնավորապես, ընտրություններին մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 48,63%-ը (1․260․840 քաղաքացի)։

7․ Ընտրության արդյունքում արձանագրվել է իշխանությունը ներկայացնող քաղաքական ուժի աննախադեպ բարձր ցուցանիշ։ Մասնավորապես, վարչապետի ղեկավարած քաղաքական ուժը ստացել է քվեարկության մասնակիցների 70,43% ձայներ։ Հարկ է նկատել, որ 2017 թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցած ԱԺ ընտրություններում իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել էր քվեարկության մասնակիցների 49,14% տոկոս ձայներ։

8․ 2018 թվականի ԱԺ ընտրության արդյունքներով ընտրական նվազագույն շեմը հաղթահարել են և Ազգային ժողվում են հայտնվել նվազագույն թվով քաղաքական ուժեր՝ ընդամենը երեք քաղաքական ուժ։ Սա աննախադեպ է եղել Հայաստանի պատմության ողջ ընթացքում։

9․ 2018 թվականի ԱԺ ընտրության արդյունքում խորհրդարանում են հայտնվել միայն այն քաղաքական ուժերը, որոնք մինչ այդ քաղաքական համագործակցություն են հաստատել իշխող քաղաքական ուժի հետ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։ Ընդդիմադիր ոչ մի ուժ խորհրդարանական ընտրություններում նվազագույն շեմ չի հաղթահարել։

10․ 2018 թվականին ԱԺ ընտրության հետևանքով իշխող քաղաքական ուժի ցուցակով ԱԺ պատգամավորի մանդատ են ստացել առավելապես հանրությանը ոչ հայտնի գործիչներ, որոնցից ոչ մեկը սեփական արժանիքներ, անձնական հեղինակություն, քաղաքական վաստակ ու վարկանիշ չի ունեցել ԱԺ պատգամավոր դառնալու համար։

11․ Կառավարության կողմից նշանակված գրեթե բոլոր մարզպետները և կառավարության անդամները (գործադիր իշխանության գրեթե բոլոր ներկայացուցիչները) առաջադրվել են ԱԺ պատգամավորի թեկնածու (հիմնականում ռեյտինգային ընտրակարգով), ինչը վարչական ռեսուրսի կիրառման հիմնական ցուցանիշներից մեկն է։ Հատկանշական է, որ նրանց գերակշիռ մասը հետագայում հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատներից։ Այսինքն, նրանց առաջադրումը նպատակ է ունեցել, ոչ թե պատգամավոր ընտրվելը, այլ իշխող ուժին անհրաժեշտ քվեներով ապահովվելը։՛՛