Լավրովը Չինաստանում հայտարարեց Եվրամիության կողմից Ռուսաստանի հետ հարաբերությունների ոչնչացման մասին
Բրյուսելը ոչնչացրել է հարաբերությունները Մոսկվայի հետ, հայտարարել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը իր չինացի գործընկեր Վան Յիի հետ բանակցություններից հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Եվրոպայում մնացեկ են միայն մի քանի հաշված երկրներ, որոնք առաջնորդվում են ազգային շահերով և պահպանում են Ռուսաստանի հետ գործընկերային երկխոսություն, մնացածները ոչնչացրել են առկա բոլոր մեխանիզմները, նշեց նախարարը:
«Առայժմ մենք փոփոխություններ չունենք արևմտյան ճակատում, Արևելքում մենք ունենք շատ ինտենսիվ օրակարգ, որն ամեն տարի հարստանում է», — ավելացրեց նա:
Միևնույն ժամանակ, Լավրովն ասել է, որ Մոսկվան պատրաստ է վերականգնել կապերը, եթե Եվրամիությունը որոշի վերացնել «ծագած անոմալիան»:
Վերջերս Եվրամիության և Ռուսաստանի հակասությունները սրվել են Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով: Բրյուսելը նոր հակառուսական պատժամիջոցներ է մտցրել: ՌԴ-ի արտաքին գործերի նախարարությունը դրանք անվանեց «փակուղի և ոչ իրավական ճանապարհ» և խոստացավ պատասխանել:
