Եվրախորհրդարանի անդամները պահանջում են Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել հայ գերիներին
Armeniasputnik.am-ը գրում է.
«Եվրոպական խորհրդարանի` Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչևը և Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող Ժելյանա Զովկոն համատեղ կոչով դիմել են Ադրբեջանին` պահանջելով անհապաղ ազատ արձակել այնտեղ պահվող բոլոր հայերին:
«Մենք լրջորեն անհանգստացած ենք Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին բազմաթիվ պնդումներով, որոնք փաստագրված են, մասնավորապես, Human Rights Watch-ի վերջին զեկույցում: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին հետաքննել բոլոր նման մեղադրանքներն ու պատասխանատվության կանչել մեղավորներին»,-նշված է տեքստում:
Կոչի հեղինակները շեշտում են, որ անհրաժեշտ է ապահովել միջազգային մարդասիրական իրավունքի լիարժեք պաշտպանությունն ու արգելել խոշտանգումները, արժանապատվությունը նվաստացնող և այլ անմարդկային վերաբերմունքը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հայտնել էր, որ Ադրբեջանի կողմից ենթադրաբար գերեվարված 249 հայերի առնչությամբ միջանկյալ միջոցի կիրառման դիմումներ է ստացել։
Համաձայն ՀՀ կառավարության տրամադրած տեղեկատվության` վերոնշյալ անձանցից 58-ը վերադարձվել են 2020–ի դեկտեմբեր և 2021–ի փետրվար ամիսների ընթացքում, իսկ 7 անձինք գտնվել են մահացած։ 249 հայերից 72-ը դեռևս գտնվում են Ադրբեջանում, որոնց գերության և պահման փաստը հաստատվել է Ադրբեջանի կառավարության կողմից։
Ինչ վերաբերվում է մյուս 112 անձանց, ապա Ադրբեջանի կառավարությունը պնդում է, որ իրենք չեն կարողացել նույնականացնել այդ անձանց իրենց մոտ պահվող անձանց շրջանում:
Հավելենք, որ արցախյան պատերազմում հրադադարի հաստատումից ի վեր վերադարձվել է 70 հայ գերի։ Իսկ թե քանի գերի կա դեռ Բաքվում՝ ստույգ թիվ չի նշվում։ Իրավապաշտպանների տվյալներով՝ նրանց թիվը կարող է հասնել 300-ի։
Ադրբեջանական կողմը, սակայն, պնդում է, որ վերադարձրել է բոլոր գերիներին, իսկ իր մոտ մնացածները «ահաբեկիչներ են»:»
