Ուշ, թե շուտ ամբողջ Երեւանը եւ մարզերը միանալու են մեզ. կայացավ Ռեֆորմիստների 2-րդ հանրահավաքն ու քայլերթը

18.09.2020. Մատենադարանի դիմաց այսօր կայացավ Ռեֆորմիստների կուսակցության հանրահավաքը, որին հաջորդ «Stop Նիկոլ» արդեն ավանդական դարձած քայլերթը դեպի Հանրապետության հրապարակ: Այս անգամ քայլերթը հատկանշական էր ոչ միայն այն առումով, որ հենց սկզբից նրանց քայլերթին միացավ «Ռեֆորմիստների Չալո» անվանումը ստացած շունը, այլ այն, թե ինչպես էին փողոցում ընդունում քայլերթի մասնակիցներին: Եթե նախորդ քայլերթի ժամանակ արձագանքողները քիչ էին, ապա այս անգամ իրավիճակ էր փոխվել:

Տան պատուհաններից ու խանութներից մարդիկ ծափահարում ու «դուխ» էին տալիս ակցիայի մասնակիցներին, իսկ երթեւեկող մեքենաների միջից լսվում էր, այսպես կոչված, վուվուզելների սատարող ազդանշանը: Այս առումով Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ վստահեցրեց, որ շատ շուտով հազարավոր մարդիկ են իրենց միանալու, եւ այս հեղափոխության վերջը գալու է, որովհետեւ այն կեղծ եւ սուտ հեղափոխություն էր. «Սա հեղափոխություն էր մի խմբակի համար, ովքեր կարողացան իրենց գրպանները լցնել պետական բյուջեից հատկացված պարգեւավճարներով, եւ այսօր նորմալ քաղաքացիներին վիրավորելով փորձում են պահպանել իրենց կեղծ իշխանությունը: Բայց մենք ամեն անգամ շատանալու ենք, ամեն անգամ մեզ միանալու են եւ դառնալու ենք ոչ միայն քաղաքական գարուն, այլ՝ քաղաքական ցունամի, որը քշելու է խաբեբաներին, օտարամոլներին եւ օտարին ծախվածներին իշխանությունից»:

Ի դեպ, «Stop Նիկոլ» եւ «Նիկո՛լ, հեռացի՛ր» վանկարկումներից բացի, բարձրախոսով հարց հնչեց, թե «Ֆեյսբուքում բոլորդ առյուծ եք, բոլորդ նիկոլական եք, բա ո՞ւր եք»: Հարցին Մատենադարանից մինչեւ Ամիրյան փողոց ընթացող քայլերթի ժամանակ այդպես էլ պատասխան տվող չեղավ եւ միայն Ամիրյան փողոցում հայտնվեց մի սադրիչ, որի սրտով չէր ընդդեմ իշխանության քայլերթը: Իսկ դրան նախորդել էր եւս մի փոքրիկ սադրանք Մարտիրոս Սարյանի անվան պուրակի մոտ, երբ մի դեռահաս  որոշեց իշխանությանը սատարող արտահայտություն անել ու շատ արագ փախչել: Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ Ֆեյսբուքից դուրս գտնող «առյուծների» մասին:

Իսկ ինչ վերաբերում է նրանց, ովքեր ոգեւորված էին հանրահավաքով, բայցեւ քայլերթին միանալուց էին խուսափում՝ Վ. Բաբայանն այսպես բացատրեց. «Բոլորը սպասում են, որ փրկիչ պետք է գա եւ իրենց հիմա էլ Նիկոլի ձեռքից փրկի: Փրկիչ չի գալու, ժողովո՛ւրդ, դուք եք ձեր փրկիչը, վե՛ր կացեք, համախմբվեք, փոխեք ապօրինի եւ ապազգային քաղաքականություն վարող իշխանությանը, ազատվեք, Նիկոլ Փաշինյանի ռեժիմից: Մենք այստեղ ենք եւ պայքարում ենք մեր երեխաների ապագայի համար, թույլ չենք տալու, որ մեր երկիրը ծախեն, թույլ չենք տալու, որ մարդկանց խաբեն, մատերի վրա ֆռռացնեն, Արցախը հանձնեն, ազգը պառակտեն, սեւ ու սպիտակի բաժանեն»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Iravunk.com