«Թուրքիան ձգտում է գրավել Սյունիքը»․ Իրանի ԶԼՄ-ները հայտնել են տեխնիկայի կուտակման մասին

Armeniasputnik.am-ը գրում է.

«Իրանական աղբյուրների հրապարակումներում անհանգստություն է հայտնվում Հայաստանի և Իրանի սահմաններից ոչ հեռու թուրքական զորավարժությունների կապակցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Թուրքիան ռազմական տեխնիկա է տեղափոխել Հայաստանի հետ սահմանին՝ զորավարժություններ անցկացնելու նպատակով, հայտնում է իրանական Azariha Telegram-ալիքը:

Ալիքը մի քանի լուսանկար է հրապարակել, որոնցում երևում են տանկեր, ինքնագնաց հրետանային կայանքներ և զրահապատ մեքենաներ։ Նշվում է, որ զորավարժություններում ներգրավված զրահատեխնիկան նախկինում օգտագործվել է Սիրիայում ռազմական գործողությունների ժամանակ։ Հրապարակման հեղինակները, հղում անելով վերլուծաբաններին, նշում են, որ Անկարան և Բաքուն մտադիր են հարձակվել Հայաստանի Սյունիքի մարզի վրա, որը սահմանակից է Իրանին, և այդպիսով կտրել հայ-իրանական սահմանը։

«Իրանը բազմիցս հայտարարել է, որ տարածաշրջանի միջազգային և աշխարհաքաղաքական սահմանների փոփոխությունն իր համար կարմիր գիծ է։ Լիամասշտաբ պատերազմը կանխելու համար Իրանի զինված ուժերը պետք է անհապաղ տեղակայվեն սահմանի երկայնքով՝ Հայաստանի և Նախիջևանի միջև»,-նշվում է հրապարակման մեջ։

Ավելի վաղ՝ փետրվարին, Իրանի խորհրդարանի նախագահ Մուհամմեդ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել էր, որ Ղարաբաղում ռազմական գործողությունների հետագա շարունակությունը անվտանգության խնդիրներ կառաջացներ Իրանի հյուսիսային սահմաններին։»