Կան բուհերի պատմական արժեք ներկայացնող շենքեր, որոնց ձեռք տալ չի կարելի․ կրթության նախկին փոխնախարար

News.am-ը գրում է

«Կան մի քանի բուհերի շենքեր, որոնք ոչ միայն բուհի շենք են, այլ պատմական արժեք ներկայացնող կառույցներ։

Օրինակ, ԵՊՀ-ի, այսպես ասած, Սև շենքը, որը կառուցվածքով այսօրվա շենքերին զիջում է, բայց հատուկ նշանակություն ունի, դրան ընդհանրապես պետք է ձեռք չտալ, այն պատմական, ճարտարապետական, ժամանակագրական  արժեք ունի։ Նույնը կարելի է ասել մայր բուհի, բժշկական համալսարանի, պոլիտեխնիկի (հատկապես գլխավոր կորպուսները)  շենքերի մասին»,- ասաց Մկրտչյանը։

Կրթության ոլորտի երկարամյա պաշտոնյայի կարծիքով՝ բուհերի այս շենքերն ուղիղ կապ են մեր պատմության, մշակույթի, արժեհամակարգի հետ. «Խորհրդային Հայաստանի ծաղկուն ժամանակաշրջանի համար կարևորագույն, համարյա թանգարային նմուշներ են։ Դրանց հենց այս պատճառով ձեռք տալ չի կարելի»։

Մկրտչյանի դիտարկմամբ, մենք բուհեր  ունենք, որոնց շենքերը գուցե այս պայմաններում իրենց չեն արդարացնում, ու կարելի է ըստ նպատակի օգտագործել, բայց միանգամից բուհերի բոլոր շենքերը վաճառելն անթույլատրելի է։

Փաշինյանը նաև հայտարարել էր, որ վաճառքից գոյացած գումարներով պետք է Երևանից դուրս ակադեմական քաղաք կառուցվի։ Նախկին պաշտոնյան նկատում է, որ այդ գաղափարը շատ հին է։

«Այլ բան է, թե մենք ինչ հնարավորություններ ունենք, ու ինչքան է այսօր այդ հարցն արդիական։ Արդյոք այսօր մեր գլխավոր խնդիրներից մեկը դա՞ է։ Որ նման քաղաք պիտի ունենանք, միշտ էլ շոշափվել է, բայց սպասել ենք, որ համապատասխան հնարավորություններ լինեն»,– ասաց նա։

Խոսելով «Կրթության մասին» օրենքի վերջին փոփոխություններից՝ Մկրտչյանը սխալ համարեց այն, որ ամեն եկող իշխանություն միանգամից փորձում է օրենքներ, չափորոշիչներ, ծրագիր փոխել։

«Դա ամենահեշտն է։ Բոլորին թվում է՝ եթե օրենսդրական մասով փոփոխություններ անեն, առկա հարցերն ավելի լավ կլուծվեն։ Այդպես չէ, ամեն ինչը չէ, որ կախված է այն բանից, թե ինչ օրենքներ կան։ Կյանքը, ժամանակը ցույց են տվել, որ հատկապես կրթության ոլորտում հիմնական խնդիրները դրանցով չեն պայմանավորված»,– ասաց նա։

Կրթության ոլորտի նախկին պատասխանատուն նաև փաստում է, որ չպետք է զարգացած երկրների մոդելները վերցնել ու առանց մեր յուրահատկությունները հաշվի առնելու տեղայնացնել, սա առավել բացասական հետևանք է ունենալու։

«Հենց իշխանության են գալիս, փոխում են ծրագիրը, մոտեցումը ու մտածում են, թե կստանան այն, ինչ ուզում են։ Եթե իրական կյանքում մեզ ինչ-որ բան չի բավարարում, մտածում ենք, թե հայեցակարգային մասով են սխալները։ Ես վատ եմ վերաբերվում, որ շատ հաճախակի են փոփոխություններ կատարում հենց օրենսդրական, չափորոշիչային դաշտում»,- ընդգծեց Մանուկ Մկրտչյանը»: