Վարչապետի ամբողջ հենարանը տգետ զանգվածն է. Ավետիք Իշխանյան

Armdaily.am-ը գրում է.

«Եթե ուշադրություն դարձնեք վարչապետի կառավարման ոճին, նրա խոսքերին, հատկապես պատերազմի ժամանակ և պատերազմից հետո նրա պահվածքին, ապա հոգեբան պետք չի լինել, որպեսզի հասկանալ, որ նա որևէ խղճի զգացում, կարեկացանքի զգացողություն, սեր, սիրո զգաղոցություն, որևէ այդպիսի զգացողություններից զուրկ է։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Նա գերխնդիր է դրել իր իշխանությունը ցանկացած գնով պահելու համար և այդ տեսակետից կազմակերպում է այդ հանդիպումները, որոնք բնականաբար վարչական ռեսուրսի կիրառմամբ, ֆինանսական փոխհատուցմամբ այդ մարդկանց բերում են, հավաքում են այդտեղ և նրան բացարձակապես չի հետաքրքրում, որ դրանից հետո կարող է համաճարակի զոհ դառնան այդ հավաքված անձանցից ոմանք։ Դա նրան բացարձակապես չի հետաքրքրում, նրան հետաքրքրում է միայն մի բան՝ իր իշխանությունը պահել։ Ես կարող եմ բազմաթիվ փաստեր բերել, թե մինչև պատերազմը նա ինչպես էր հիվանդանոցները միավորում, գիշերօթիկները փակում, տարեցների տներն են փակում։ Այսինքն նա որևէ խղճի զգացողություն չունի, սոցիալական հարցերի հետ կապված ոչինչ նրան չի հետաքրքրում»,-նկատում է Ավետիք Իշխանյանը։

Հանրահավաքներին մանկահասակ երեխաների ներկայությունը ևս կազմակերպված է՝ համոզված է Իշխանյանը։ Նա նշում է, որ կասկած չունի, որ ինչպես ստի և կեղծիքի հեղափոխության ժամանակ զինվոր Աբաջյանի կեղծ պապիկն էր, հետո էլ կեղծ Աշոտիկի կեղծ տատիկը և մինչև Ցեղասպանության հուշահամալիր այցելած կեղծ պապիկը և տարբեր տիպի հանդիպումների ժամանակ «ոտքերդ պաչեմ» կեղծ, հպարտ քաղաքացիները։

«Այդ ամեն ինչը կազմակերպված է, նույնիսկ կեղծ հուզումներ են կազմակերպված և ես պատկերացնում եմ, թե նա ինչ հրահանգներ է տալիս իր նախարարներին և մարզպետներին՝ կոնկրետ սցենարով, թե ինչ սցենար պետք է լինի, ինչ երեխա կամ կին մոտենա իրեն ու լաց լինի»,- նշում է իրավապաշտպանը։

Անդրադառնալով Փաշինյանի կողմից հնչեցված «գելխեղդները պիտի խեղդեն գելերին» արտահայտությանը, Իշխաննյանն ասաց, որ տարբեր մեկնաբանություններ է տեսել այս արտահայտության վերաբերյալ։

«Նա ուզում է իր այս խոսքերով երևալ ժողովրդի մարդ և այլն, ես մի փոքր այլ տեսակետից կմոտենայի այս հարցին։ Գելխեղդները մեծ մասամբ լինում են ինչ-որ մի տիրոջ գելխեղդ, տիրոջ, որոնք հարձակվում են ազատ գայլերի վրա։ Ո՞վ է նրա տերը, արդյո՞ք նա Էրդողանի գելխեղդը չի՞՝ հաշվի առնելով նրա մյուս ասածները՝ ինչքան թշնամի ենք, այնքան թշնամի են և ուրացումը մեր անցյալի։ Նաև պատերազմի թարմ հետքերը բանի տեղ չդնելով նա խոսում է բարեկամության մասին։ Եթե նա գելխեղդ է, ապա Էրդողանի գելխեղդն է և ուզում է հարձակվել Հայաստանում ազատ գայլերի վրա՝ այսինքն ազատ քաղաքացիների վրա»,- ասաց Իշխանյանը։

Մեր հարցադրմանը, թե արդյոք չի ստացվում, որ Փաշինյանը նախընտրական քարոզարշավ է իրականացնում պետական միջոցների հաշվին, իսկ իրավապաշտպան հ/կ-երը լռություն են պահպանում, Ավետիք Իշխանյանն ասաց, որ եթե այդ հ/կ-երին այդ հարցն ուղղենք, ապա նրանք կպատասխանեն, որ պաշտոնական քարոզարշավը սկսվում է միայն այն ժամանակ, երբ Հանրապետության նախագահը ստորագրում է ընտրությունների օրը և այլն։ Վերջինս շեշտում է, որ նրանք այդպիսի պատասխան կտան՝ աչք փակելով իրականության վրա։ Մեր հարցին, թե ո՞րն է նման դիրքորոշման պատճառը, Իշխանյանն ասաց.«Հավանաբար Արցախի հանձնումը»։

Անդրադառնալով Փաշինյանի կողմից արված մեկ այլ աղմկահարույց հայտարարությանը, որ այդպիսի մտահղացում ունեն վաճառել բուհերի շենքերն ու ակադեմիական քաղաք կառուցել մարզերում, Իշխանյանն ասաց, որ այդպես կոչված ուսանողական քաղաք կառուցելու մասին խոսքերը սուտ են։

«Այդ ուսանողական քաղաք կառուցելու մասին խոսքերը սուտ են՝ ես դա կարող եմ միանգամից ասել։ Ես միանգամից կարող եմ ասել՝այդպիսի բան չի լինելու։ Իսկ այն, որ նա մտածում է Հայաստանում գիտական կյանքը, բուհերը և ակադեմիական ինստիտուտները քայքայել՝ դա վաղուց է զգացվում և շատ հավանական է, որ այդ շենքերը վաճառվեն՝ Համալսարան, Պոլիտեխնիկի և այդտեղ ոչինչ չլինի։ Ամբողջ խնդիրն այն է, որ վարչապետը մանկուց մեծ բարդույթներ ունի կրթություն ստացած գիտնականների նկատմամբ։ Ինքը լինելով կիսագրագետ՝ նա այժմ իր վրեժն է լուծում գիտնականներից։ Պատահական չէ, որ նա ասեց՝ էլիտան բունտ է անում։ Նա ատելությամբ է լցված կրթված ու գիտակից մարդկանց նկատմամբ և նրա ամբողջ հույսը և նրա հենարանը տգետներն են և նա ուզում է բոլորին տգետ դարձնի, որպեսզի կարողանա հանգիստ իշխել»,-շեշտում է Իշխանյանը և հավելում է, որ նրա ամբողջ հենարանը տգետ զանգվածն է։

Հայկա Ալոյան»