ԲՈՒՀ-երի շենքերի վաճառքը ոչ թե կբեռնաթափի Երևանի կենտրոնն, այլ ավելի կծանրաբեռնի այն. վերլուծություն

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն անդրադառնալով ԲՈՒՀ-երի շենքերը վաճառելու և այդ գումարով ակադեմիական քաղաք սարքելու մասին Նիկոլ Փաշինյանի խոսքերին, իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երևանի կենտրոնի շենքերը պետությունը կարող է բարձր գնով վաճառել կամ վարձակալության տալ մասնավոր սեկտորին, ինչը կարող է բերել նոր հյուրանոցների բացմանը և բեռնաթափել Երևանի կենտրոնը»:

Որքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը:

Ի՞նչի են կարող ծառայել Երևանի կենտրոնում գտնվող ԲՈՒՀ-երի շենքերը վաճառվելուց հետո:

Նախ և առաջ, պետք է արձանագրել, որ Երևանի կենտրոնում գտնվող պետական գույքը վաճառելուց, այսինքն մասնավորին տալուց հետո, պետությունը կորցնում է տվյալ գույքը տնօրինելու իրավունքը և նոր սեփականատերը կարող է այն օգտագործել այնպես, ինչես արդեն ինքը կկամենա և դրա հետ «քաղաքի բեռնաթափման» ամբիցաներ կապել պետք չէ, քանի որ սեփականատերերն ամենայն հավանականությամբ փորձելու են «սեղմել» այդ շենքերը, շահագործելով հնարավորին չափ շատ և հնարավորին չափ շատ շահույթի ակնկալիքով:

Կենտրոնում գտնվող ԲՈՒՀ-երի շենքերը կարող են վերածվել հյուրանոցների, որոնք կգործեն շուրջօրյա և ամբողջ տարին, կարող են վերածվել գրասենյակային տարածքների, որոնք ևս կգործեն ողջ տարին և գրեթե շուրջօրյա՝ որքան ցանկանան, իսկ խանութի կամ զվարճանքի վայրերի վերածվելու դեպքում՝ տվյալ շենքերը ևս կգործեն ողջ տարին, ոչ շուրջօրյա սակայն աղմուկով ու իրարանցումով: Հավանաբար որոշակի ԲՈՒՀ-եր էլ կարող են վերածվել բնակֆոնդի, այսինքն մշատապես և շուրջօրյա զբաղեցրած և անցուդարձ ունեցող բնակտարածքների:

Իսկ ի՞նչպես են գործում ԲՈՒՀ-երը:

ԲՈՒՀ-երը գործում են ոչ ամբողջ տարին, ձմռանն ու ամռանը լինում են արձակուրդներ, ինչը նշանակում է որ ԲՈՒՀ-երի և նրանց հարակից տարածքները տարվա կտրվածքով 2-4 ամիս լինում են գրեթե դատարկ՝ բեռնաթափված: Գործելուց էլ աշխատում են 1 կամ երկու հերթափոխով, ինչը նշանակում է, որ օրվա մեծ մասի ընթացքում ևս, տվյալ տարածքները լինում են բեռնաթափված: Աշխատանքային գործունեության ժամանակ էլ ԲՈՒՀ-երը առանձնապես աղմուկ չեն առաջացնում:

Պարզվում է որ ԲՈՒՀ-երը քաղաքի կենտրոնը բեռնաթափելու և մայրաքաղաքային կոլորիտ տալլու համար գրեթե լավագույն լուծումն են:

Հեղինակ՝ Հայկ Կիսեբլյան