«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարելու է Սուրեն Պապիկյանը. Թորոսյան

Armeniasputnik.am-ը գրում է.

« «Իմ քայլի» նախընտրական շտաբը ղեկավարելու է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով` Փաշինյանը հրաժարական է տալու ապրիլի 20-ից մայիսի 5 ընկած ժամանակահատվածում։ Սակայն դրանից հետո էլ նա լինելու է վարչապետի պաշտոնակատար, գործող կառավարությունն էլ շարունակելու է իր աշխատանքները մինչև նոր կառավարության ձևավորումը։

«Այժմ ընտրությունները լավագույնս բխում են երկրի շահերից, քաղաքական լարվածությունը թուլացնելու միջոց են», – շեշտեց նա։

Հարցին` արդյոք Փաշինյանի մարզային այցերը նախընտրական քարոզարշավի մաս չե՞ն, Թորոսյանը պատասխանեց` վարչապետը ի պաշտոնե պարտավոր է լինել այնտեղ, որտեղ խնդիրներ կան, խոսել քաղաքացիների հետ։

«Մեկ տարի նման հանդիպումներ չենք արել` պայմանավորված կորոնավիրուսով և պատերազմով», – բացատրեց նա։

Թորոսյանի խոսքով` վարչական ռեսուրսը կիրառելը քննադատելի է, և վարչապետը նման բան չի անում։

Հիշեցնենք` մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կանցկացվեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ։»