Այս ամենի մեջ իրենց մեղքի բաժինն ունեն Փաշիյանին սատարած ու «քայլած» բոլոր քաղաքական ուժերը. վերլուծություն
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ 2020-ի պատերազմում կրած խայտառակ պարտության պատմությունից հետո շատ ու շատ քաղաքական ուժեր, հոսանքներ ու կուսակցություններ, ՀԿ-ներ ու շարժումներ համախմբվեցին նրա դեմ, որը ոչ միայն ընդդիմադիր շարժում էր, այլև ազգայնական, և որոշ մարդիկ միացել են նրան, չպատկանելով որևէ քաղաքական ուժի:
Իսկ այժմ դեռևս ոչ պաշտոնապես և սահմանված կարգով, այլ Ն․ Փաշինյանի ֆեյսբուքյան էջի մակարդակով, սակայն այնուամենայնիվ հայտարարվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, որի պաշտճառով որոշակի կուսակցություններ սկսել են «դիրքավորվել» և նույն ընդդիմադիր դաշտում համախոհ դարձածներին սկսում են դիտարկել որպես կոնկուրենտ՝ մրցակից:
Նախ և առաջ նրանք կոնկուրենտ են համարում Հայաստանի Հանրապետական կուսակցությանը և սկսում են բամբասանքների մակարդակով քարոզչություն տարածել, թե «Հենց ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանն են մեղավոր, որ Նիկոլ Փաշինյանը եկավ: Նրանք են իշխանությունը փոխանցել Փաշինյանին: Նրանք պիտի Փաշինյանին վերացրած լինեին…»:
Սակայն այս կուսակցություններն իրականում փորձում են մոռացության մատնել, որ Ն․ Փաշինյանն իշխանության գլուխ է եկել հենց նրանց աջակցությամբ և նրանց շնորհիվ, որ մի ժամանակ նրանք ևս միացան ՆՓ-ի շարժմանը, ջուր տարան նրան կամ նրա հետ քայլեցին, ծառայեցրեցին ՆՓ-ին իրենց սփյուռքի ներուժը…
Որոշ կուսակցական անդամներ փորձում են չքմեղանալ և արդարացնել նախկինում ՆՓ-ին սատարած լինելու իրենց քայլերն, ասելով թե նրանք ոչ թե Փաշինյանին էին միացել, այլ ժողովրդին, մարդկանց, սակայն դա իրականությանը չի համապատասխանում, քանի որ դա քաղաքական և կուսակցական շարժում էր և ոչ թե քաղաքացիական և նրանք էլ միացել են ոչ թե զուտ քաղաքացու կարգավիճակով, այլ որպես կուսակցական: Որոշ մարդիկ էլ փորձում են արդարանալ, ասելով՝ «Դե, ո՞վ կպատկերացներ, որ այսպես կլիներ», «Նախկինում Նիկոլ Փաշինյանին չէինք ճանաչում», «Մենք չգիտեինք թե այս սորոսականներն ինչի էին ընդունակ»:
Սակայն այդ ամենը ևս սուտ է և իրականությանը չի համապատասխանում, քանի որ գործ ունենք կուսակցական գործիչների հետ, որոնք դաշտում գործում են վաղուց, Փաշինյանին և նրա կլանին ճանաչում են վաղուց և սորոսականներին էլ գիտեն շատ լավ, քանի որ մեծ կապերի են տիրապետում նաև սփռույքի համայնքներում ու տեղեկատվություն են ստանում նաև դրսից:
Եթե խոսքը լիներ, օրինակ, գյուղացի կթվորուհի Վարդուշի մասին՝ վստահաբար կարելի էր ասել, որ նա շատ, շատ հնարավոր է որ իսկապես չի իմացել ՆՓ-ի իսկական էությունը, չգիտի սորոսականների ազգադավության մասին, սակայն մենք գործ ունենք ոչ թե գյուղացի կթվորուհի Վարդուշների հետ, այլ բանիմաց և գիտակից քաղաքացի քաղաքական գործիչների, որոնք տարիներ շարունակ ակտիվ են եղել ՀՀ քաղաքական դաշտում:
Այս ամենի մեջ իրենց մեղքի բաժինն ունեն ոչ թե ՀՀԿ-ականները, այլ հենց իրենք՝ Փաշիյանին սատարած ու «քայլած» բոլոր քաղաքական ուժերը: Վերջում էլ հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, իրականում չի հայտարարվել սահմանված կարգով և պաշտոնապես, այլ հայտարարվել է ՆՓ-ի հերթական ֆեյսբուքյան հայտարարության մակարդակով և չի բացառվում, որ սա էլ նրա հերթական, շարքային բլեֆն էր, որը նա արել է հենց սրա համար՝ ընդդիմության մի ստվար մասին ՀՀԿ-ի դեմ լարերու համար:
Հարկ է հիշել, որ ամիսներ առաջ ՆՓ-ն արդեն մի անգամ հայտնել է արտահերթի գնալու մասին և սակայն չի գնացել, հայտարարելով «փոշմանելու» մասին:
Հեղինակ՝ Հայկ Կիսեբլյան
