Սլովակիայի Ազգային խորհուրդն ընդունել է «Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ» բանաձեւ

News.am-ը գրում է.

«Այսօր՝ ապրիլի 1-ին Սլովակիայի խորհրդարանի 25-րդ լիագումար նիստի ընթացքում Ազգային խորհրդի կողմից միաձայն 120 կողմ ձայնով ընդունվեց Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի SMER–SD/Սոցիալական դեմոկրատներ կուսակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիի կողմից ներկայացրած «Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ» բանաձեւը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ավստրիայում ՀՀ դեսպանությունից:

Բանաձեւում խստորեն դատապարտվում է խաղաղ բնակիչների սպանությունները, քաղաքացիական ենթակառուցվածքների, մշակութային եւ կրոնական ժառանգության կոթողների եւ հուշարձանների ոչնչացումը, մտահոգություն է հայտնվում հակամարտության ընթացքում երրորդ երկրների ռազմական ներգրավվածության եւ դրանց ապակայունացնող դերի առնչությամբ, շեշտվում է, որ տեւական խաղաղության հասնելու եւ Լեռնային Ղարաբաղի ապագա իրավական կարգավիճակի որոշման գործընթացը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, խորապես մտահոգություն է հայտնվում, որ ռազմագերիները եւ  բռնի պահվող այլ անձինք` ներառյալ քաղաքացիական անձինք, ազատ չեն արձակվել՝ համաձայն Միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես՝ 1949թ. Ժնեւի կոնվենցիայի (III) դրույթների։»