«Ղարաբաղի հարցի լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում». Լևոն Տեր-Պետրոսյան

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը հերթական անգամ Ilur.am–ում հրապարակել է իր տեսակետները Ղարաբաղի հարցի լուծման շուրջ։

Նա նշել է, որ իր ելույթներում, հարցազրույցներում և հրապարակումներում ես բազմիցս արտահայտել եմ «Ղարաբաղի հարցի լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում» միտքը, որը տարակուսանքով կամ զայրույթով է ընկալվել թե՛ քաղաքական ուժերի, թե՛ փորձագիտական շրջանակների, և թե՛ օրվա իշխանությունների կողմից:

Տեր–Պետրոսյանը շեշտել է, որ խնդրի այժմեականության պատճարով ավելորդ չի համարում Թհիշեցնել ժամանակին այդ առթիվ հրապարակած իմ տեսակետները՝ միաժամանակ ներողություն խնդրելով ընթերցողից ընդարձակ քաղվածքներ կատարելու համար»:

«Ի տարբերություն Արեւմուտքի, Ռուսաստանի համար Այսրկովկասը եղել եւ մնում է կենսական շահերի ոլորտ, եւ միամտություն է կարծել, թե նա երբեւէ հրաժարվելու է այդ շահերը պաշտպանելու ուղեգծից։ Արեւմուտքի վերը շոշափված պասիվությունը եւս մասամբ բացատրվում է նրանով, որ ինքն էլ, թեկուզ ենթագիտակցո¬րեն, տարածաշրջանը դիտում է որպես Ռուսաստանի ազդեցության գոտի։ Եթե ոչ Ամերիկայի Միացյալ Նահանգները, ապա առնվազն Եւրոմիության երկրներից շատերն ինչ-որ կերպ համակերպվել են այս մտքին եւ ակնհայտորեն մտադիր չեն ակտիվորեն միջամտելու Այսրկովկասի գործերին։ Սա նշանակում է, որ Ղարաբաղյան հակամարտության, ինչու չէ, նաեւ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում։ Հետեւաբար, անկախ իր նախապատվություններից, Հայաստանի ցանկացած իշխանություն կենսական այդ խնդիրների լուծումը պետք է որոնի տվյալ աշխարհաքաղաքական համատեքստում։ Նման վարքագիծը կապված է ո՛չ ցանկությունների, ո՛չ էլ կողմնորոշումների, այլ բացառապես իրականության գիտակցության եւ քաղաքական ռեալիզմի հրամայականի հետ։ Հայաստանի իշխանություններն, իմ տպավորությամբ, առայժմ չեն գիտակցում դա։ Մինչդեռ Թուրքիան եւ Ադրբեջանը, ակնհայտորեն, ավելի ճիշտ են գնահատում իրականությունը, ինչի մասին են վկայում վերջին շրջանում այդ երկրների ակտիվ շփումները Ռուսաստանի հետ։ Մենք, ըստ այդմ, հայտնվել ենք 1920թ. վիճակում, որից, դժբախտաբար, ժամանակին ճիշտ ելք չգտանք։ Այսօր նույն սխալը կրկնելու իրավունք չունենք», — գրում է  Տեր–Պետրոսյանը:

Ամբողջական հոդվածը կարդացեք Ilur.am կայքում