«Խաղաղ համակեցության» օվերտոնյան պատուհանը

«Օվերտոնի պատուհանն» արդեն բացված է։ Ուզենք-չուզենք, մենք հարկադրված ենք քննարկելու հայկական գենետիկ հիշողության մեջ որպես «դարավոր թշնամի» արմատավորված հարևան երկու ժողովուրդների հետ։

Թող ների ինձ հայոց գիտական աշխարհը՝ գիտական աշխատանքի անհրաժեշտ պահանջները չկատարելս, որովհետև ստիպված եմ շարադրել մատչելի, հանրության շրջանում առավել տարածված՝ «ժողովրդական լեզվով»։

Տվյալ հոդվածի գլխավոր հարցը, որին պատասխանը կտանք հոդվածի վերջում, ըստ էության, հետևյալն է՝ «հնարավո՞ր է խաղաղ համակեցություն հայերի և թուրք-ադրբեջանցիների միջև»։

Բնույթով հարցը էքզիստենցիալ է, ուստի, բացի պատմական և քաղաքական ասպեկտներից, քննության կառնենք նաև խնդրո փիլիսոփայական կողմը։ Նախ, դիտարկենք պատմական առումով։ Պատմական որևէ ժամանակաշրջանում եղե՞լ են արդյոք հայ-թուրքական/ադրբեջանական հարաբերությունների այնպիսի դրվագներ, երբ խաղաղ համակեցությունը արդիական էր։ Հայ-թուրքական խաղաղ գոյակցություն․ պատմականորեն հայերը և թուրքերը բավականին տևական ժամանակ ապրել են միևնույն կայսրության մեջ, սակայն ակներև է, որ այդտեղ հայերի իրավունքները մշտապես, առանց բացառությունների, ճնշված էին։ Հակառակ պարագայում՝ ինչո՞ւ համար էին ազատագրական պայքարի հատվածական դրվագները։ Այլ կերպ ասած՝ հայ-թուրքական համակեցությունը չի եղել խաղաղ բնույթի, ավելին՝ ոչ թե իրավահավասար էթնիկ խմբերի փոխհարաբերությունների մակարդակում էր, այլ դրանք ուժեղի և թույլի, տիրոջ և ծառայի իրավահարաբերություններ էին։ Իսկ ուժեղի և թույլի միջև խաղաղ համակեցություն չի կարող լինել, քանի որ այդտեղ առկա է պարտադրանքի գործոնը։ Այնտեղ, ուր կա պարտադրանքի, ճնշման մեխանիզմ, այդտեղ ի վերջո ապստամբության կայծ է տալու։ Ֆիզիկայի լեզվով ասած՝ ազդեցությունը ծնում է հակազդեցություն։

Եթե հայ-թուրքական հարաբերություններն ունեն մոտ հազարամյա պատմություն, ապա հայ-ադրբեջանական հարաբերությունները տասնապատիկ պակաս են՝ հարյուր տարվա։ Թեև քաղաքակրթական առումով ադրբեջանցիներին և թուրքերին տարանջատելը սխալ կլիներ, այդուամենայնիվ, կան որոշակի առանձնահատկություններ կոնկրետ հայերի հետ փոխհարաբերությունների մասով։ Այն ժամանակահատվածում, երբ Օսմանյան Թուրքիայի վրա այս կամ այն հարցում ազդելու եվրոպական գերտերությունների հիմնական գործիքներից էր Հայկական հարցը (ինչպես մեր օրերում՝ քրդական գործոնը), Ցարական Ռուսաստանը 20-րդ դարասկզբին առաջին ճաքերն էր տալիս․ 1905-1907թթ․ հայտնի են փետրվարյան հեղափոխությամբ։ Մինչ Ցարիզմի սրտում հեղափոխական խառնակչություններ էին, պերիֆերիայում, մասնավորապես՝ Երևանում, Թիֆլիսում և Բաքվում հայ-թաթարական ընդհարումներ էին հրահրվում։ Եթե ծանոթ եք այդ տարիների իրադարձություններին, ապա չեք զարմանա, հակառակ պարագայում՝ օ՜, զարմանք, այդ բախումները հրահրվում էին Ստամբուլից․ հետաքրքիր զուգահեռներ են մեր օրերի հետ, այնպես չէ՞։

Այնուհետև Ցարիզմի փլատակների վրա կառուցված Խորհրդային Միության կազմ մտած Կովկասի թաթարական հանրապետությունը ստացավ Ադրբեջանի ԽՍՀ անվանումը, թաթարներին էլ այսուհետ կոչում էին ադրբեջանցի։ Եվ ահա, կարծես խաղաղ համակեցության երջանիկ և անհոգ 7 տասնամյակ։ Թե որքան արհեստական էր այդ խաղաղ գոյակցությունը, պարզվեց արդեն 1988-1990-ականներին՝ Սումգայիթի, Բաքվի ջարդերով և Արցախյան առաջին պատերազմով։

Այստեղ ամենից հետաքրքիր պատմական շրջանին հասանք։ Արցախյան պատերազմ, օդից կախված կարգավիճակ, փաստաթղթով չամրագրված հաղթանակ։ Ադրբեջանում բռնատիրական ռեժիմի լավագույն ավանդույթներին արժանի ժառանգական համակարգը երեք տասնամյակ պարտված հասարակության մեջ, և հատկապես՝ պատանի-երիտասարդ սերնդի շրջանում, սերմանում էր հայատյացություն և ռևանշիզմ։ Արդյունքում՝ կացնահարված հայ սպա և սպանողի հերոսացում, Արցախյան երկրորդ՝ ապրիլյան քառօրյա պատերազմում ռազմական հանցագործություններ (18-ամյա հայ զինվորների գլխատում, անդամահատում), ռազմական բազմաթիվ հանցագործություններ երրորդ պատերազմում, դրա ավարտից հետո էլ ռազմատենչ հռետորաբանության շարունակում։ Այստեղ մի փոքր շեղվենք․ փորձեք մտաբերել ռազմական հանցագործություններ հակառակ ուղղությամբ․ չեք կարո՛ղ․․․

Սա Ադրբեջանում էր։ Իսկ ի՞նչ էր կատարվում առաջին պատերազմի արդյունքներով փաստացի հաղթողի դիրքում գտնվող հայկական հասարակության ներսում։ 1990-ականների վերջին, հաշվի առնելով արտաքին քաղաքական ճնշումները և ներքաղաքական իրավիճակը, կարող ենք ասել, որ ՀՀ առաջին նախագահը, ով «եկե՛ք, գերտերությունների ոտքի տակ չընկնենք» հայեցակարգի կրողն էր, կողմնակից էր «վերցրածը» վերադարձնելուն։ Իր բառերով՝ նա «խաղաղության կուսակցության» առաջնորդն էր։ Մինչդեռ երկրի ռազմաքաղաքական էլիտայում ավելի ազդեցիկ գտնվեցին «պատերազմի կուսակցության» կողմնակիցները։ Որպես արդյունք՝ առաջին նախագահը հրաժարական ներկայացրեց։ Դրանից հետո շուրջ երկու տասնամյակ Հայաստանում իշխանությունը պատկանում էր նրանց, ովքեր հաղթող էին պատերազմում և դեմ խաղաղ համակեցության գաղափարին։ Սակայն դրան զուգահեռ Հայաստանում լայն թափ էր հավաքում «հակաՀայաստանը» (տերմինի հեղինակային իրավունքը բնականաբար իմը չէ)։ ՀակաՀայաստանի գործունեությունը կենտրոնացած էր երկու ուղղությամբ՝ արժեզրկել պատերազմում ծանրագույն ջանքերով ունեցած հաջողությունը, ձևավորել ներհասարակական ատելություն։ Երբ քո երկրում բոլոր տնտեսական ցուցանիշներով դու հեռու ես աֆրիկյան ամենասովահար պետություն լինելու հեռանկարից, բայց քեզ անընդհատ համոզում են, որ դու սոված ես ու հենց քո գրպանից են թալանում, վաղ թե ուշ հավատալու ես։ Բերեմ շատ պրիմիտիվ կենցաղային օրինակ։ Եթե մասնագիտությամբ բժիշկ եք կամ կարդացել եք անգլիացի Ջերոմ Ջերոմի պատմվածքը, ապա գիտեք, թե ինչի մասին եմ։ Եվ ուրեմն․ եթե բացեք գուգլն ու փնտրեք բժշկական հանրագիտարան, սկսեք ընթերցել տարբեր հիվանդությունների մասին, ինչ-որ պահի ձեր համար կհայտնաբերեք, թե նշված հիվանդություններից նվազագույնը մեկի ախտանիշներն ունեք։ Ցանկացած հետազոտություն ձեր այդ համոզմունքը կարող է հերքել, բայց դուք հետազոտություն չեք անցել, իսկ ախտանիշները «առկա են»։ Մի խոսքով, դուք հավատալու եք, որ հիվանդ եք։

Մի խոսքով, հանգեցինք նրան, որ, փաստորեն, պատերազմ հաղթած հասարակությանը տևական ժամանակ կերակրել են իր թուլության, իր ստրկության մասին միֆերով, լեգենդներով, մանիպուլացիաներով։

Այդ միֆերին ու մանիպուլացիաներին այստեղ չեմ անդրադառնա։ Ցանկության դեպքում համացանցի լայն հնարավորություններն օգտագործելով՝ կարող եք համեմատել ցանկացած տեղեկատվություն, որ տարածվել է խաղաղասիրության առաջամարտիկների կողմից։

Նախքան փիլիսոփայական մասին անցնելը, մի փոքր շեղվենք քաղաքական գործընթացով։ Եթե համացանցում ինֆորմացիայի որոնողական Ձեր հմտությունները բավարարում են, խաղաղասիրության թեզերը տարածողներին հայտնաբերելիս կբացահայտեք հետևյալ կապը։ Ըստ երևույթին, խաղաղասիրության քարոզիչների մի ճյուղը Արցախյան երկրորդ և երրորդ պատերազմների բռնկման մեղքն ուղղում է հյուսիս՝ դեպի Ռուսաստան։ Ինչն էլ ավելի զավեշտալի է՝ մոտավորապես այսպիսի կարծիք է թևածում այդ շրջանակներից․ «Արցախի պատերազմն ու Հայաստանի պարտությունը պետք է փնտրել ռուս-թուրքական դաշինքում»։ Ռուս-թուրքական դաշինքը նույնքան հորինվածք է, որքան ադրբեջանցիների հավակնությունները հայկական պատմամշակութային կոթողների հանդեպ։ Ինչո՞ւ։ Նախ, որովհետև աշխարհաքաղաքական իրողություններում խոշոր դերակատարները, հատկապես՝ նման տարածաշրջաններում, առավելապես հակառակորդ են, քան դաշնակից։

Դիտարկենք հենց մեր տարածաշրջանը։ Մեր տարածաշրջանում առաջնային շահեր ունեն, առաջին հերթին, Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան։ Ռուսաստանը և Իրանը դաշնակիցներ են՝ նկատի առնելով նրանց ընդհանուր շահերը՝ ի հակառակ ԱՄՆ-ի։ Ռուսաստանն ու Թուրքիան հիբրիդային պատերազմ են վարում Սիրիայի տարածքում, ըստ որում՝ ամենևին դաշնակցային չեն նրանց հարաբերություններն այնտեղ։ Թուրքիան տարածաշրջանում ակնհայտ դաշնակից ունի՝ ի դեմս Ադրբեջանի։ Ռուսաստանի պարագայում խնդիրը շատ ավելի բարդ է։ Հաշվի առնելով խորհրդային ժառանգությունը՝ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը ընկալվում են որպես ռուսական ընդհանուր ազդեցության գոտի։ Նկատի ունենալով հարաբերությունների առանձնահատկությունը՝ դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի Դաշնությունն ունի Հայաստանի հետ։ Այդուհանդերձ, տարածաշրջանում գերտերության իր հավակնությունները ցուցադրելու համար, բնական է, որ մեր դաշնակիցը պետք է որոշակի հարաբերությունների մակարդակ պահպանի նաև Ադրբեջանի հետ։ Իհարկե, սա բարդացրել է Ռուսաստանի խնդիրը։

Ինչևէ, գանք հակամարտությանը։ ՌԴ-ն փաստացի իրագործեց Բիշքեկյան արձանագրության կարևորագույն կետերից մեկը՝ խաղաղապահ առաքելության ստանձնումը։ Սա նշանակում է մեկ բան․ ռուսական ռազմական ներկայության ավելացում տարածաշրջանում։ Մյուս կողմից, պատերազմի ընթացքում Ադրբեջանը Թուրքիայի միջոցով ներգրավվել էր նաև իսլամիստ ահաբեկիչների։ Ավելին՝ այժմ Թուրքիան թեկուզ միայն տեխնիկական առումով, այսուհանդերձ ներգրավված է Դոնբասի հակամարտության մեջ․ հիշենք բայրաքթարների վաճառքը Ուկրաինային։ Ինչը նշանակում է, որ ցանկացած պահի Ուկրաինայի արևելքում էսկալացիայի պարագայում այդ ներգրավվածությունը կարող է հասնել նաև մարդկային ռեսուրսով աջակցության, այն է՝ ահաբեկիչների գործուղմամբ։

Եվ այսպես, փաստորեն, Ռուսաստանի հարավային սահմաններին ահաբեկիչների հայտնվելը այսուհետ իրողությունն է։ Սա անմիջական սպառնալիք է Ռուսաստանի անվտանգությանը։ Եկեք գործադրենք սովորական տրամաբանություն․ արդյո՞ք կարծում եք, որ Ռուսաստանում այսքանը գիտակցելով՝ կարող էին դաշինք կազմել այն երկրի հետ, որը իր գործողություններով ավելի շատ հակառակորդ է հիշեցնում։ Այո, կան որոշակի պայմանավորվածություններ։ Բայց պետք չէ շփոթել պայմանավորվածությունը դաշինքի հետ։ Պայմանավորվածությունը, որոշակի իրավիճակից ելնելով, կարճաժամկետ գործողություն է։ Այո, այն, որ այժմ տարածաշրջանում Թուրքիան այնպիսի գործոն է դարձել, որ ավանդաբար ռուսական ազդեցության գոտում կարողանում է իրավիճակ թելադրել, փաստ է։ Իսկ իրավիճակ թելադրողի հետ հաշվի են նստում։ Այնպես, ինչպես հիմա հաշվի են նստում պատերազմը հաղթողի՝ Ադրբեջանի, ոչ թե պարտվողի՝ Հայաստանի հետ։ Աշխարհաքաղաքական իրողությունները ոչ միայն չեն հեռացրել Հայաստանին և Ռուսաստանին, այլև էլ ավելի են մոտեցրել միմյանց։ Եվ սա շուտով էլ ավելի բացահայտ կդառնա։

Երկրորդ կարևոր հանգամանքը բրիտանական գործոնն է։ Ցանկացած դեպքում, երբ խոսվում է ռուս-թուրքական փոխհարաբերություններից, պետք է դիտարկել Արևմուտքը։ Արևմուտքը նապոլեոնյան տապալումից հետո մշտապես հակադրվել է Ռուսաստանին (Ցարականից մինչև Խորհրդային, նույնիսկ այժմ)։ Թուրքիան, իր հերթին, եղել է Արևմուտքի գործիք, որն ուղղվել է Ռուսաստանի դեմ։ Չմոռանանք, որ հաճախ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար, օրինակ, նույն բրիտանական կառավարությունը բարձրացնում էր Հայկական հարցը։ Թեև այդ հարցն արդեն 150 տարի, բացի մանր ու մեծ հարցերում ճնշման լծակից, ոչ մի այլ նպատակ չի հետապնդում։

Գանք հայ-թուրքական խաղաղասիրական համակեցության փիլիսոփայական մասին։ Պատմականորեն այնպես է դասավորվել, որ հայերն ու թուրքերը, գտնվելով հարևանությամբ, տարբեր քաղաքակրթությունների կրող են։ Քաղաքակրթական հակադրությունները բավականին խորն են՝ սկսած կրոնականից։ Թուրքերը հայերի հիշողության մեջ տպավորվել են որպես մարդասպաններ, ցեղասպանություն իրագործողներ։ Ըստ էության, Սումգայիթյան և Բաքվի ջարդերով, Արցախյան երեք պատերազմներում իրենց դաժանությամբ և ռազմական հանցագործություններով ադրբեջանցիները կատարել են նույն առաքելությունը, ինչ իրենց «մեծ եղբայրները»։ Եվ հիմա, այդպիսի կենսափորձով «զոհին», այսինքն՝ մեզ՝ հայերիս, համոզում են, թե «եկեք էդ բոլորը մոռացեք, հարգելի «ոչխարներ», եկեք սրանից հետո «գայլերի» հետ նույն փարախում խաղաղ ապրեք»։ Պատկերացնո՞ւմ եք բնության մեջ նման իրավիճակ։ Իհարկե, կարող եք պնդել, թե մարդը կենդանիներից տարբերվում է իր բանականությամբ ևն։ Նախ, եկեք արձանագրենք երկու բան․ ա) մարդուն օտար չեն ամենևին կենդանական բնազդները, բ) ինչպես կենդանիներն են սպանում, այնպես էլ մարդն է սպանում։ 120 տարի ձեր հարևանները ձեզ կեղեքել են, կոտորել են։ Կարծում եք, հիմա մեկ օրում իրենք կտրուկ փոխվելու են և մսակեր գայլերը սկսելու են խոտ ուտե՞լ։

Արմեն Մխիթարյան,

Միջազգայնագետ

April 05, 2021

Telegram-ալիք