Այրվել են խաղալիքների և տնտեսական ապրանքների տաղավարներ. մանրամասներ «Սուրմալուի» հրդեհից

Armeniasputnik.am-ը գրում է.

«Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով այրվել են խաղալիքների և տնտեսական ապրանքների տաղավարներ՝ գույքով: Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ գիշերն առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել, հայտարարվել է հրդեհի բարդության թիվ 3 կանչ։

«Ապրիլի 6-ին, ժամը 03:07-ին «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով ահազանգ է ստացվել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն՝ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 15 հասցեում գտնվող «Սուրմալու» Երևանի պահածոների գործարանից։ Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը»,–ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի կենտրոնական մասնաշենքում (մոտ 2000 քմ)։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:24-ին։»