Մեծ Բրիտանիայում դադարեցրել են AstraZeneca պատվաստանյութի փորձարկումները երեխաների վրա

«Փաստինֆո» — ն գրում է.

«Օքսֆորդի համալսարանը եւ AstraZeneca ընկերությունը դադարեցրել են իրենց կողմից մշակված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները երեխաների եւ դեռահասների վրա՝ դեղամիջոցի կիրառումից հետո մեծահասակների մոտ թրոմբների առաջացման հետ կապված իրադրության ֆոնին: Այս մասին հայտնում է Sky News-ը։

Համալսարանի ներկայացուցչի խոսքով՝ մանկաբուժական փորձարկումների ընթացքում պատվաստանյութը ոչ մի խնդիր չի ունեցել, սակայն Օքսֆորդը լրացուցիչ տեղեկատվություն է ակնկալում դեղերի եւ բժշկական նշանակության ապրանքների կարգավորման վարչությունից (MHRA)՝ երեխաների եւ դեռահասների պատվաստումների շարունակումից առաջ:

Ավելի վաղ եվրոպական դեղամիջոցների գործակալության (EMA)՝ Եվրամիության կարգավորիչի առողջության սպառնալիքների եւ պատվաստումների ռազմավարության դեպարտամենտի ղեկավար Մարկո Կավալերին հաստատել է AstraZeneca ֆիրմայի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի եւ թրոմբների հետագա ձեւավորման կապը: Ընդ որում, նա չի հստակեցրել, թե հատկապես ինչ է առաջացնում նման արձագանքը:»

Աղբյուր` Փաստինֆո