Հովհաննես Բաչկովը Ալմաթիում 1-ին ռաունդի սկզբում նոկաուտի ենթարկեց իր թուրք մրցակցին
Iravunk.am-ը գրում է.
«Հայաստանի ներկայիս գործող կաշվե ձեռնոցի ամենատիտղոսակիր վարպետ, 28–ամյա գյումրեցի ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՉԿՈՎՆ այսօր`ապրիլի 9-ին Ալմաթիում Tynyshpayev Academy of Transport and Communications մարզապալատում պրոֆեսիոնալ բռնցքամարտի #MTKFightNight երեկոյի շրջանակում պրոֆեսիոնալ ռինգի իր 2-րդ մենամարտն անցկացրեց:
Մրցակիցն ազգությամբ թուրք, Ուկրաինան ներկայացնող Բինալի Շախմանդարովն է (2-0-1)։ 21-ամյա այս բռնցքամարտիկը մինչ օրս պրոֆեսիոնալ ռինգում 3 մենամարտ էր անցկացրել, որոնցից վերջին երկուսում 2-րդ ռաունդում նոկաուտի էր ենթարկել մրցակցիներին` 25 –ամյա թուրք բռնցքամարտիկ Նուրեթին Օվաթին և ռուսաստանցի, Իսրայելը ներկայացնող 34-ամյա Իգոր Լազարևին: Իր նախորդ`3 –րդ մենամարտը Շախմանդարովն անցկացրել էր ընդամենը 15 օր առաջ`մարտի 25-ին:
Իսկ ահա սիրողական բռնցքամարտում նշանակալից հաջողությունների հասած ու Տոկիոյի օլիմպիադային մասնակցել ցանկացող գյումրեցի Հովհաննես Բաչկովը պրոֆեսիոնալ ռինգում առաժմ միայն 1 մենամարտ էր անցկացրել:Նա 6ամիս առաջ՝ 2020թ հոկտեմբերի 9-ին Դուբայում (ԱՄԷ) կայացած 8 ռաունդանոց մենամարտում միավորներով` 80:72.80:72,80:72 հաշվով պարտության էր մատնել փորձառու բռնցքամարտիկ, 32-ամյա վենեսուելացի Սամուել Գոնսալեսին:
Այսօր Ալմաթիում տեղի ունեցած Բինալի Շախմանդարովի հետ 8 ռաունդանոց մենամարտ Հովհաննեսը շատ ակտիվ և ագրեսիվ սկսեց ու հուժկու հարվածների տարափ տեղալով թուրք մրցակցի վրա արդեն մարտի սկսվելուց 1 րոպե անց նրան նոկաուտը ենթարկեց ու տապալեց գետին:
Սա պրոֆեսիոնալ ռինգում գյումրեցի բարձրակարգ բռնցքամարտիկի տոնած արդեն 2 –րդ անընդմեջ հաղթանակ էր:
Հիշեցնենք,սիրողական բռնցքամարտի գերաստղը` գյումրեցի ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՉԿՈՎԸ 2020թ հուլիսին 3 տարվա պայմանագիր է կնքել MTK Global (Mack The Knife Global) մենեջերական հեղինակավոր ընկերության հետ և պրոֆեսիոնալ ռինգում ներկայացնում է այս կազմակերպությունը: Ըստ պայմանագրի, պրոֆեսիոնալ ռինգում հանդես գալուն զուգահեռ, Եվրոպայի կրկնակի չեմպիոնը կնախապատրաստվի նաև Տոկիոյի oլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերին։
ԱՐԱՄ ՈՒԳՈՒՋՅԱՆ»
