Էական չէ ո՞վ է քարտեզ փոփոխողը, էականն այն է, որ Ադրբեջանում բացարձակ գերակայում է գաղափարը, որ Հայաստանը «հիմնված է ադրբեջանական հողերի վրա». Վարուժան Գեղամյան
Երեկ առավոտյան իմ էջում տեղադրեցի Google Maps-ի վրա ադրբեջանցիների կողմից անվանափոխություններ կատարելու մասին գրառում, որը լրատվականների միջոցով դարձավ մեծ քննարկման առիթ։ Ցավոք, լրատվականների մեծ մասը, փոխանակ տարածելու գրառմանս բուն էությունը, կենտրոնացել էին բացառապես անվանափոխության փորձի փաստի վրա։ Այս մասին գրել է իր Telegram-ալիքում թյուրքագետ Վարուժան Գեղամյանը, նշելով, թե՝ որպես հետազոտող կարիք է տեսնում պարզաբանել հետևյալ հանգամանքը։
«Իմ գրառման բուն իմաստը հետևյալն է. քարտեզ փոփոխողը լինի ադրբեջանցի մանկամիտ երեխա, թե Ադրբեջանի բարձրաստիճան պետպաշտոնյա, էական չէ։ Էականն այն է, որ Ադրբեջանում բացարձակ գերակայում է այն գաղափարը, որ Հայաստանի Հանրապետությունը ևս (ինչպես Արցախը) «հիմնված է ադրբեջանական հողերի վրա», ուստի այն գոյության իրավունք չունի։ Որպես գիտնական իմ խնդիրն է արձանագրել հենց այս մեծ ու փոքր միտումները, որոնք առկա են Թուրքիայում և Ադրբեջանում և որոնցից ընդամենը մեկ օրինակ էր երեկվա քարտեզի վրայի փոփոխության փորձը։
Մնացած բոլոր տեխնիկական և այլ մանրուքները («անունը չեն փոխել, այլ pin են արել», «ով ուզի, կփոխի», «անողները մանկամիտ ադրբեջանցիներ են») որևէ էական նշանակություն չունեն։ Էական է միայն այն փաստը, որ միջին վիճակագրական ադրբեջանցին ունի այդ ցանկությունը՝ թյուրքացնել Հայաստանը։
Ուստի Ադրբեջանի ու Թուրքիայի իմ տարիների ուսումնասիրությունները, էլ չեմ խոսում սթափ դատողությունը ինձ հուշում են, որ պարբերաբար կարիք կա հիշեցնելու այս պարզ բանաձևումը. Թուրքիայի և Ադրբեջանի պլանների մեջ չի մտնում այս տարածքում Հայկական պետության գոյությունը։ Նրանք այն հանդուրժելու են, քանի կա հակադարձ ուժ։ Հետևաբար ամեն նոր թուրքական նախապայմանին համաձայնելը նշանակում է անխուսափելիորեն ստանալ նոր նախապայման։
Հետևեք իմ էջին այստեղ և ֆեյսբուքում, որպեսզի հենց ինձանից իմանաք մեր հարևան թշնամական պետություններում կատարվող իրադարձությունների ու դինամիկայի մասին։
Հ.Գ. Նկարում հայկական Արցախի մի նմուշ է։ Այդ Արցախի 75%-ը նվիրվել է թշնամուն»։

