Հայերի տիեզերական հնգյակը

Ապրիլի 12-ին նշվում է Տեզերագնացության օրը և Տիեզերք մարդու թռիչքի միջազգային օր. 1961 թվականի այս օրը սովետական տիեզերագնաց Յուրի Գագարինը մարդկության պատմության մեջ առաջին անգամ դուրս է եկել Երկրի ուղեծիր և մեկ պտույտ կատարել Երկրագնդի շուրջ:

Infopress.am-ը ներկայացնում է հայկական ծագումով գիտնականների և տիեզերագնացների հնգյակ, ովքեր առանջնահատուկ ներդրում են ունեցել Տիեզերքի ուսումնասիրության գործում:

Անդրոնիկ Իոսիֆյան

(21/07/1905 — 13 /04/1993)

 

Անդրոնիկ Իոսիֆյանին համարում էին ամենատաղանդավոր և ամենահամարձակ գիտնականներից մեկը: Նրան հաջողվեց ապահովել Սովետական Միության տեխնոլոգիական առաջընթացը: Էլեկտրոմեխանիկայի հահամիութենական գիտահետազոտական ինստիտուտի (ВНИИЭМ) ղեկավար, ակադեմիկոս Իոսիֆյանի հիմնական նվաճումը հրթիռատիեզերական տեխնիկայի ստեղծմանը մասնակցությունն էր: Մասնավորապես նա մասնակցել էր հչթիռների, արբանյակների և տիեզերանավերի համար էլեկտրոմեխանիկական սարքավորումների ստեղծմանը: XX դարի կեսին հայ գիտնականի ղեկավարության ներքո մշակվեց և տիեզերք բաց թողնվեց «Օմեգա» արբանյակը: Ավելի ուշ Իոսիֆյանը դարձավ «Մետեոր» արբանյակի գլխավոր կոնստրուկտորը:

 

Ջեյմս Ֆիլիպ Բաղյան

(ծնվ. 22.02.1952)

 

 

1989 թվականի մարտին հայկական ծագումով ամերիկյան տիեզերագնաց Ջեյմս Ֆիլիպ Բաղյանը «Սփեյս Շաթլ» ծրագրի շրջանակներում «Դիսքավերի» տիեզերանավով կատարեց թռիչք դեպի տիեզերք որպես բժշկական և կենսաբանական հետազոտությունների գծով մասնագետ: Այդպիսով Բաղյանն առաջին բժիշկն էր, որը բուժում էր իր տիեզերագնաց կոլլեգաներին անկշռության վիճակում գտնվելու հետևանքով առաջացող առողջական խնդիրներից: Բացի դրանից բժիշկ տիեզերագնացը կատարել է բազմաթիվ հետազոտություններ տիեզերական տարածության մեջ:

Բաղյանի երկրորդ թռիչքը տեղի է ունեցել 1991 թվականին «Քոլամբիա» տիեզերանավով: ԱՄՆ ռազմաօդային ուժերի գնդապետ Բաղյանն ունի բազմաթիվ պարգևներ:

 

Երվանդ Թերզյան

(09/02/1939 -25/11/2019)

 

2018 թվականին Նյու-Յորքի Թիշ դպրոցի վաստակավոր պրոֆեսսոր, աստղագետ Երվանդ Թերզյանն պարգևատրվեց ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) «Նշանավոր հանրային գործունեության համար» մեդալով: Թերզյանն աշխատել է ՆԱՍԱ-ի 8 կոմիտեներում, աստղագիտություն է դասավանդել ԱՄՆ տարբեր քոլեջներում: Նա հայտնի է միջգալակտիկական տարածությունների հետազոտություններով և դրանցում անտեսանելի նյութի հայտնաբորմամբ: Այս աստղագետը արժանացել է ՆԱՍԱ-ի «Կյանքի ընթացքում նվաճումների համար» մեդալի և Հայաստանի բաձրագույն Ոսկե մեդալի գիտական նվաճումների համար:

 

Ալեքսանդր Քեմուրջյան

(4.10.1921 – 25.02.2003)

 

Առաջին լուսնագնացի ստեղծումն անհնարին կլիներ առանց սովետական ինժեներ-կոնստրուկտոր Ալեքսանդր Քեմուրջյանի: Նա ինքնագնաց շասսիի կոնստրուկտորն էր: Այդ շասսին թույլ էր տալիս լուսնագնացին ինքնուրույն շարժվել մոլորակի մակերեսով: Մոլորակագնացի ստեղծումը դարձավ Քեմուրջյանի կյանքի գործը, որը նա սկսեց 1960-նների սկզբին: Կոնստրուկտորի աշխատանքը հաջողությամբ պսակվեց: Աշխարհի առաջին ավտոմատիկական «Լունոխոդ-1» լուսնագնացը բերվեց Լուսին 1970 թվականի նոյեմբերի 17-ին: Ավելի ուշ Լուսնի վրա վայրեջք են կատարել «Լունոխոդ-2» և «Լունոխոդ-3» լուսնագնացները:

Քեմուրջյանի ղեկավարության ներքո ստեղծվել են նաև մարսագնացներ, սակայն Մարսի մակերեսի վրա դրանց վայրեջքից հետո սարքավորումների հետ չհաջողվեց կապ հաստատել: Ավելիլ ուշ Քեմուրջյանի լուսնագնացների հենքի վրա ստեղծվել են ամերիկյան «Ապոլլո» լուսնային ավտոմոբիլը, «Սոջորներ» մարսագնացը, չինական «Յույթու» լուսնագնացը, մշակվել են NASA Mars Exploration Rover ծրագրերը, Curiosity մարսիական գիտական լաբորատորիան և այլն:

 

Աննա Ղազանչյան-Լոնգոբարդո

 

Ծնվել է 1928 թվականին Նյու-Յորքում ցեղասպանությունից գաղթած հայերի ընտանիքում: Ստացել է բակալավրի աստիճան «Կոլումբիա» համալսարանում կառավարման մեխանիկական համակարգերի բնագավառում:

Երիտասարդ հայուհու կարիերան սկսվեց ամերիկյան «Sperry Rand» ընկերությունում, որը մասնագիտացած էր օդատիեզերական տեխնիկայի համար նավիգացիոն համակարգերի մշակման ոլորտում: Ղազանչյանի հաշվարկների շնորհիվ ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) կարողացավ «Ատլաս» հրթիռների միջոցով տիեզերք ուղարկել «Ռեյնջեր», «Միդաս» և «Մարիներ» արբանյակները:

Այդպիսի հաջողությունից հետո Կազանչյան-Լոնգոբարդոյին վստահեցին «Սատուրն» հրթիռների ստեղծումը: Հայուհին դրեց առաջին ամերիկյան կրիչ հրթիռի հիմքը, ինչպես նաև անձամբ մասնակցել է փորձնական թռիչքին: