ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է մի շարք կուսակցությունների ղեկավարների
Armeniasputnik.am-ը գրում է.
«Արմեն Սարգսյանի հետ հանդիպած կուսակցությունների ղեկավարներն Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ օրերս հայտարարությամբ դիմել էին ՀՀ նախագահին:
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է մի շարք կուսակցությունների ղեկավարների։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
Մասնավորապես, նախագահը հանդիպել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին, Միավորված աշխատանքային կուսակցության հիմնադիր-նախագահ Գուրգեն Արսենյանին, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության համահիմնադիր Դավիթ Սանասարյանին և «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանին:
«Նախագահի հետ հանդիպմանը կուսակցությունների ղեկավարները ներկայացրել են Ընտրական օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ իրենց մոտեցումներն ու դիրքորոշումները»,–նշված է հաղորդագրության մեջ:
Հավելենք, որ նշված կուսակցություններն Ազգային ժողովի ընդունած և hանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ օրերս հայտարարությամբ դիմել էին ՀՀ նախագահին:»
