Ընտրություններից առաջ տեղի ունեցած ցանկացած օրենսդրական փոփոխությունից սկզբունքորեն պետք է խուսափել, քանի որ դա հանգեցնում է անորոշության.Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը

Pastinfo.am-ը գրում է

«Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը  նշում են, որ խորհրդատվությունները քաղաքական շահագրգիռ կողմերի և հասարակական կազմակերպությունների միջև ընդարձակ էին և տեղի են ունեցել խելամիտ ժամկետներում, որպեսզի այդպիսի հիմնարար փոփոխությունները ստանան հնարավորինս լայն աջակցություն տարբեր քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության և փորձագետների շրջանում։

Արդյունքում՝ 2021 թվականի ապրիլի 1-ին խորհրդարանն ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների առաջին փաթեթը, որը վերաբերում էր տարածքային թեկնածուների ցուցակների վերացմանը՝ 82 կողմ, ոչ մի դեմ և ոչ մի ձեռնպահ ձայներով: Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը նշել են, որ ենթադրվում է, որ այդ փոփոխությունները կկիրառվեն առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, որոնք նախնականորեն նշանակված են 2021 թ. հունիսի 20-ին:

Ընտրություններից առաջ տեղի ունեցած ցանկացած օրենսդրական փոփոխությունից սկզբունքորեն պետք է խուսափել, քանի որ դա հանգեցնում է անորոշության։

Բացի այդ՝ հասարակությունը և բոլոր շահագրգիռ կողմերը պետք է սեղմ ժամանակահատվածում հարմարվեն նոր կանոններին: Թեկնածուների տարածքային ցուցակների վերացումը պատշաճ կերպով չի փոխում ընտրական համակարգը, սակայն պաշտոնապես փոխում է ձայները մանդատների վերածվելու կարգը։

Այնուամենայնիվ, համամասնական ընտրակարգի պարզեցումը, կարծես, ունի լայն աջակցություն քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության կողմից:

Բացի այդ՝ չնայած հաջորդ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան երեք ամսից էլ պակաս ժամանակահատվածում, զուտ տեխնիկական առումով նոր համակարգը, կարծես թե, մեծ ազդեցություն չի ունենա ինչպես ընտրական վարչարարություն իրականացնող մարմինների կողմից այդպիսի ընտրություններ կազմակերպելու կարողության, այնպես էլ ընտրողների կողմից այդ ընթացակարգերի ընկալման վրա»,- ասված է եզրակացության մեջ:

«Այնուամենայնիվ, Վենետիկի հանձնաժողովը և ԺՀՄԻԳ-ը ներկայացնում են հետևյալ հիմնական առաջարկությունները, որոնք ուղղված են այդ փոփոխությունների կատարելագործմանը.

Ընտրական շեմին վերաբերող դրույթների վերանայում,

«Կեղծ տեղեկատվություն» հասկացության հստակեցում, որպեսզի այն չխանգարի օրինական նպատակներին, օրինակ՝ հետաքննող լրատվամիջոցների աշխատանքին կամ չխեղդի քաղաքական բանավեճերը,

Իրավական կարգավիճակի ընդլայնում, որպեսզի ընտրողները հնարավորություն ունենան բողոքարկել ընտրությունների արդյունքները;

«Կոպիտ խախտում» հասկացության հստակեցում, որը հիմք է հանդիսանում ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման համար,

Վերահաշվարկի դիմում ներկայացնելու համար ավելի երկար ժամկետների տրամադրում»:

Այսպիսով, օրենքում փոփոխությունների ստորագրումը դեռևս ակնկալվում է: Վենետիկի հանձնաժողովից ընդգծում են, որ կարևոր է իրավական ընտրական դաշտի կայունությունը՝որպես ցանկացած ընտրական գործընթացի վստահելիության մաս: Եթե ընտրական օրենսդրության հիմնարար տարրերում որևէ փոփոխություն է կատարվել, ապա դրանք պետք է տեղի ունենան հաջորդ ընտրություններին ընդառաջ և ամեն գնով՝ ամենաուշը մեկ տարի առաջ:»