Ադրբեջանական կողմից 8-10 հոգի անցել են միջդիրքային տարածք. ՀՀ ՊՆ

Armeniasputnik.am-ը գրում է.

«Քաղաքացիական հագուստով անձինք, նկատելով ՀՀ ԶՈւ առաջապահ դիրքերի զինծառայողներին, շտապ հեռացել են դեպի Ալիբեյլի բնակավայր։

Ապրիլի 28-ին, ժամը 11.40-ի սահմաններում ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում, N զորամասի պահպանության տեղամասում ադրբեջանական Ալիբեյլի բնակավայրի կողմից խախտելով շփման գիծը, քաղաքացիական հագուստով 8-10 անձ անցել են միջդիրքային տարածք` իրենց հետ բերելով 30-40մ երկարությամբ խողովակներ, հավանաբար նշված տարածքից մոտակա ադրբեջանական հենակետ ջուր հասցնելու նպատակով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Նկատելով ՀՀ ԶՈւ առաջապահ դիրքերի զինծառայողներին, քաղաքացիական հագուստով անձինք շտապ հեռացել են դեպի Ալիբեյլի բնակավայր՝ թողնելով խողովակները միջդիրքային տարածքում: ՀՀ ԶՈւ զինծառայողները ցուցաբերել են զսպվածություն և չեն ենթարկվել սադրանքների: Հակառակորդի աշխատանքները դադարեցվել են»,– նշված է հաղորդագրության մեջ:

ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:

ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ¬մա¬նային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները:»