Պարզվել է` ով էր էշին Ազգային ժողովի մոտ բերել

Երեկ՝ մայիսի 10-ին, մեր գործընկեր Yerkir.am-ը տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես էր Իջևանի բնակիչն Ազգային ժողովի դարպասների մոտ բերել ավանակին, որի ժամանակ ոստիկանները ավանակատիրոջը և ավանակին բերման էին ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ այդ տղամարդը Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ՝ 36-ամյա Սևադա Ղուկասյանն է, իսկ ավանակին գյուղում անվանում են «Զազո»։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ անձնական խուզարկությամբ Ս. Ղուկասյանի մոտ հայտնաբերվել է կասկածելի թմրանյութ և նշված փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Վերջինս բաց է թողնվել, իսկ ավանակին էլ, մինչև նրան հանձնելը, տեղափոխել էին Երևանի Վարդան Մամիկոնյանի արձանի հարևանությամբ գտնվող կենդանիների խնամքի վայր։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Իջևանի բնակիչը, իջևանցիների խնդրանքով, էշը վերցրած, եկել էր Ազգային ժողովի դարպասների մոտ և սպասել Նիկոլ Փաշինյանին, հաղորդել էր Yerkir.am-ը: Ըստ նրա՝ Իջևանում հին ավանդույթ կա՝ դավաճանին էշի վրա թարս նստեցրած քաղաքով պտտացնում են: