Ով է Փաշինյանի գվարդիան ռուսական սփյուռքում — «Հրապարակ»
Փաշինյանի թիմը ընտրությունների նախաշեմին Ռուսաստանում փորձում է աջակիցների խումբ ստեղծել՝ «группа поддержки», որի անհրաժեշտությունն ընդգծվում է ազդեցիկ գործիչների կողմից Փաշինյանի կառավարությանն ուղղված հրաժարականի պահանջի ֆոնին: Այս թեմային այսօր անդրադառնում է «Հրապարակ» թերթը:
«Ենթադրվում է, որ այն կօգնի Փաշինյանին նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հնարավոր խաղաղարար գործընթացի շրջանակում, ռուսական սփյուռքում նման գաղափարներ տարածելու համար:
Սրանով են բացատրվում սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի այցելությունները ՌԴ, որոնք 44-օրյա պատերազմից հետո հաճախակի դարձան: ՌԴ-ի ուղղությամբ մի անտեսանելի «սպեցնազ» է գործում, որում, բացի Սինանյանից, ներգրավված է նաեւ Թուրքիայի հետ գլխավոր ստվերային բանակցող Վլադիմիր Կարապետյանը: Դեռ երկու տարի առաջ, Փաշինյանի խոսնակը լինելով, նա Մոսկվայում հանդիպել էր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովի, ՌԴ առաջատար լրատվամիջոցների խմբագիրների եւ փորձագիտական շրջանակների հետ: Թեման հայ-ռուսական հարաբերությունների լուսաբանումն էր, բայց հետաքրքիր է, որ Վլադիմիր Կարապետյանը եւ Դմիտրի Պեսկովը, ըստ պաշտոնական հաղորդագրության, պայմանավորվել էին պարբերաբար անցկացնել խորհրդատվական բնույթի հանդիպումներ, «որոնք կնպաստեն լրատվության ոլորտում փորձի փոխանակմանն ու կապերի ամրապնդմանը»: Մոսկովյան ուղղության վրա աշխատող այլ գործակալներ էլ կան, ՀՀ հատուկ ծառայություններից:
Ռուսական գվարդիայի առանցքային ֆիգուրը Ռուսաստանի հայերի միության մոսկովյան գրասենյակի նախկին ղեկավար Շահեն Պետրոսյանն է, որը ներկայում գլխավորում է Ռուսաստանի հայ իրավաբանների ասոցիացիան:
Այս կազմակերպությունը նույնպես պատերազմից հետո է ստեղծվել, Զարեհ Սինանյանի մասնակցությամբ: Այն ֆինանսավորում է, ըստ մեզ հասած տեղեկությունների, հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, որը սեր ունի կրեատիվ նախաձեռնությունների նկատմամբ: Նա, հիշեցնենք, ժամանակին ցույցեր էր կազմակերպում ընդդեմ Մանվել Գրիգորյանի, ապա քրեական հետապնդման ենթարկվեց:
Շահեն Պետրոսյանն էլ, ասում են, տարիներ առաջ ՀՀ իրավապահների հետ ունեցած խնդիրների պատճառով հեռացել է Հայաստանից, ապա գալով Մոսկվա՝ նոր կյանք է սկսել: Արա Աբրահամյանի հետ կայացրած կոնսենսուսի արդյունքում նա գլխավորել է Ռուսաստանի հայերի միության Մոսկվայի քաղաքային բաժանմունքը: Իսկ իշխանությունների հետ համագործակցության եզրեր փնտրող Արթուր Ասատրյանը նրան վերցրել է իր թեւի տակ՝ օգնելով Փաշինյանին լեգիտիմացվել ՌԴ-ում: Ասում են` միջնորդի դերն այս գործարքում կատարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, իսկ Զարեհ Սինանյանին պատկանում է իրավաբանների ասոցիացիայի ստեղծման բուն գաղափարը:
Հայ իրավաբանների ասոցիացիան ստեղծվել է 2021 թվականի փետրվարին, ինչպես նշեցինք, անմիջապես պատերազմից հետո, երբ սփյուռքի, այդ թվում ռուսական սփյուռքի վերաբերմունքն իմքայլականների նկատմամբ նեգատիվ էր դարձել, իսկ նախկին էյֆորիան մարել էր անվերադարձ: Ասոցիացիայի հիմնադիր ժողովը կայացել է 2021 թվականի ապրիլի 23-ին, Մոսկվայում: Նպատակը Ռուսաստանի հայերի միության եւ դրա ղեկավար Արա Աբրահամյանի վարկաբեկումն էր եւ հեղափոխական կառավարության գաղափարի քարոզը», — գրում է թերթը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Հրապարակ օրաթերթ»-ում
