Փաշինյանի աշխատակազմում պարգևավճարները գերազանցել են աշխատավարձի չափերը – 168.am
Փաշինյանի աշխատակազմում պարգևավճարները գերազանցել են աշխատավարձի չափերը. ամենամեծ պարգևավճարները տրվել են պատերազմից հետո՝ դեկտեմբերին, երբ 500 աշխատակցի վճարվել է 235 441 900 դրամ, գրում ՝ այսոր 168.am-ը։
ՀՀ վարչապետի աշխատակազմում 2020թ. ընթացքում 363 178 700 դրամի պարգևավճար է վճարվել. ընդ որում, որոշ աշխատաիկիցներ իրենց աշխատավարձը գերազանցող պարգևավճարներ են ստացել, հաղորդում է «Sputnik Արմենիան»:
Նման բացահայտում է արել ՀՀ Հաշվեքննիչ պալատը` վարչապետի աշխատակազմի 2020թ–ի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ի պետբյուջեի կատարման հաշվեքննության արդյունքում։
Ըստ այդմ, վարչապետի աշխատակազմին 2020 թ. «աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով վճարվել է 2 566 055 800 դրամ, որի շուրջ կեսը` 1 234 181 400 դրամը` որպես աշխատավարձ, 363 178 700–ը` պարգևավճար, մնացածը` եկամտահարկ, արձակուրդային, տարբեր նպաստներ ու սոցվճարներ և այլն։
Հետաքրքրական է, որ ամենամեծ պարգևավճարները տրվել են դեկտեմբերին, երբ 500 աշխատակցի վճարվել է 235 441 900 դրամ։
Համեմատության համար նշենք, որ սեպտեմբերին 504 աշխատողների վճարվել է 56 735 900 դրամ։
Հենց դեկտեմբերյան պարգևավճարների այս չափն էլ, ամենայն հավանականությամբ, գրավել է նաև հաշվեքննողների ուշադրությունը։ Իսկ արդեն մանրակրկիտ հաշվարկը պարզել է, որ վարչապետը որոշել է որոշ աշխատակիցների պարգևատրել իրենց աշխատավարձը գերազանցող գումարներով։
«Աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից հատկացված պարգևատրման ժամանակ ՀՀ վարչապետի` 2020 թվականի դեկտեմբերի 25–ի թիվ 1428-Ա որոշմամբ բարեխիղճ աշխատանքի համար խրախուսված որոշ աշխատակիցների պարգևատրման գումարը գերազանցել է մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափը»,– ասված է հաշվեքննության մեջ:
Հաշվեքննության հեղինակները միաժամանակ արձանագրում են, որ վարչապետի այս որոշումը հակասում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքին։
Հաշվեքննությունը փաստում է, որ այդ օրենքի 22–րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ «պետական ծառայողը հատուկ առաջադրանքների և/կամ որակյալ աշխատանքի կատարման համար պարգևատրվում է իր մինչև մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափով»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
