Իրենք ամեն ինչին մատների արանքով են նայում եւ ոտքի վրա են ղեկավարում մեր երկիրը․ Սեյրան Օհանյան — «Հրապարակ օրաթերթ»

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ինչպես եւ Սյունիքի գործող մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը երեկ մամուլից էին տեղեկացել, որ թշնամին մտել է Սյունիք, հատել պետական սահմանը ու մոտ 3 կմ խորացել ՀՀ տարածքում։ Բայց եթե Օհանյանի դեպքում նորմալ է, որ նման բանը պաշտոնաթող գեներալը մամուլից իմանա՝ նա այլեւս գործող պաշտոնյա չէ, ապա Սյունիքի մարզպետի դեպքում առնվազն տարակուսելի է եւ դատապարտելի։

Այս ամենով հանդերձ՝ Սեյրան Օհանյանն օրվա ընթացքում հետաքրքրվել էր, հասցրել էր խոսել Սյունիքի մարզի Վաղատուր եւ Խնածախ գյուղերի բնակիչների հետ եւ որոշ տեղեկություններ էր իմացել՝ անկախ մամուլի հրապարակումներից։ Նա փորձել էր ինքնուրույնաբար պարզել, թե ինչ է տեղի ունեցել, արդյոք ադրբեջանցիները գրավե՞լ են Սեւ լիճը, որտեղ ինքը ժամանակին լողացել է, եւ որը մեզ համար չափազանց կարեւոր նշանակություն ունի։

«Ինֆորմացիան ես համացանցից իմացա, այնուհետեւ հետեւեցի ՊՆ պարզաբանումներին, որ առանձնապես ոչինչ չի պատահել, բայց նաեւ ես զանգահարել եմ համագյուղացիներից մի քանիսին, որոնք եղել են այդ դիրքերի շրջանակներում, եւ, իրենց ինֆորմացիայով, այդ հատվածում հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումները՝ սահմանապահների հագուստով, շրջանցել են մեր դիրքերն ու մի քանի՝ մինչեւ 3 կմ առաջ եկել։ Դրանից հետո մերոնք՝ ե՛ւ բանակը, ե՛ւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, կանգնեցրել են, բանակցել են, իրենք ասել են, որ մեզ հրաման է տրված՝ ուսումնասիրել այս տեղանքը, եւ քարտեզով սա մեր տեղն է։ Բանակցությունների արդյունքով, որքան որ ես տեղյակ եմ, ինչ-որ մի մաս հետ է գնացել, ինչ-որ մի մասը դեռեւս կանգնած է»,- ասաց պաշտպանության նախկին նախարարը, ում հետ զրուցում էինք երեկ երեկոյան ժամը 6-ի սահմաններում։

Նրա խոսքով՝ այս ամենն արդյունք է մի քանի պատճառների։ Առաջինն այն է, որ ադրբեջանցիներն այսօր կարող են օգտվել մեր ներքաղաքական իրավիճակից եւ ինչ-որ սադրանքների դիմել առաջին գծում, քանի որ եթե պատերազմից հետո, երբ հոգնած են լինում պատերազմից, զոհերից, որոշակի խաղաղություն է հաստատվում, ապա դիրքերն ամրապնդելուց հետո նորից ատելությունն սկսում է աճել, եւ այդպիսի խնդիրներ են առաջանում՝ սադրանքներ, վեճեր, բախումներ։ Հիմա այդ փուլում ենք գտնվում։

Երկրորդը, ըստ նախկին նախարարի, սա Ադրբեջանի կողմից հոգեբանական ճնշումների, նաեւ սահմանային դիրքերի բարելավման միջոցով ճնշումների շարունակությունն է՝ հաշվի առնելով, որ Սյունիքի հատվածում պետք է ճանապարհները բացվեն, ապաշրջափակում տեղի ունենա եւ այլն։

Երրորդ՝ ամենավատ պատճառը, որի հետեւանքով նման բաներ են տեղի ունենում, Սեյրան Օհանյանի կարծիքով, այն է, որ Սյունիքի հատվածում, նաեւ մի քանի այլ տեղերում, օրինակ՝ Գեղարքունիքի մարզում, դիրքերի, ռազմավարական կարեւոր բարձունքների, ճանապարհների՝ հենց այնպես, առանց որեւիցե մի կրակոցի հանձնումն է եղել ադրբեջանցիներին՝ առանց գրագետ սահմանազատում իրականացնելու։

«Բայց ամենավատը գիտե՞ք ինչն է լինելու․ եթե հետագայում իրական սահմանազատում լինի, եւ մենք գանք այն համոզման, որ այդ դիրքի տարածքը մերն է, շատ դժվար է հետո լինելու հակառակորդին, ադրբեջանցուն այդ դիրքից հանել եւ հետ շպրտել, թեկուզ որ սահմանազատմամբ դա լինելու է մեր սահմանը։ Դրա համար այսօրվա իշխանություններն իրենց աշխատանքի ամեն մի կետի, մեր տարածքի յուրաքանչյուր սանտիմետրի համար պետք է պայքարեն։ Իսկ իրենք մատների արանքով են նայում եւ ոտքի վրա են ղեկավարում մեր երկիրը»,- ասաց մեր զրուցակիցը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝

«Հրապարակ օրաթերթ»