Լեհ եւ հայ բարեգործները՝ ԱԻՆ-ում. քննարկվել են հայ-լեհական համագործակցության զարգացման հնարավորությունները
News.am-ը գրում է.
«ԱԻ նախարարությունում այսօր հյուընկալվել են Լեհաստանից ժամանած լեհ եւ հայ բարեգործներ, որոնց ջանքերով արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում ծավալուն մարդասիրական օգնություն էր ցուցաբերվել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի եւ Արցախի Հանրապետության բնակչությանը:
ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակության ղեկավար, Լեհաստանում հրշեջ տեխնիկայի, ավտոմեքենաների եւ քաղպաշտպանության ոլորտի գույքի արտադրությամբ զբաղվող «Շիբիցկի» ընկերության սեփականատեր Վալդեմար Շիբիցկին ԱԻ նախարարությանն անհատույց տրամադրել է մեծաքանակ գույք-սարքավորումներ:
ԱԻ նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանն ընդունելով հյուրերին՝ իր երախտագիտությունն է հայտնել ցուցաբերած աջակցության համար եւ վստահեցրել, որ բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունը շարունակական կլինեն:
«Ես առաջին անգամ եմ գտնվում այս հրաշալի երկրում եւ կարծում եմ, որ փոխհամագործակցելու, միմյանց օգնելու հնարավորություններ շատ կան: Այսօրվա հանդիպման շրջանակում կքննարկենք այդ հեռանկարները: Առաջիկայում նախատեսում ենք Հայաստան ուղարկել նոր հրշեջ տեխնիկա»,-նշել է Վալդեմար Շիբիցկին:
Հանդիպման ավարտին Արցախյան պատերազմի ընթացքում ՀՀ արտակարգ իրավիճակների բնագավառում ցուցաբերած աջակցության համար Վալդեմար Շիբիցկին, Սերգեյ Նացեւսկին, Վարուժան Մարտիրոսյանը եւ Վաղարշակ Ամիրխանյանը ԱԻ նախարարի կողմից պարգեւատրվել են «Համագործակցություն հանուն փրկության» մեդալներով, իսկ ՓԾ տնօրենի կողմից՝ պատվոգրերով:»
