Սյունիք․ խաչվող, բախվող և համընկնող շահեր
Նախորդ գրառումներում, հոդվածներում քանիցս անդրադարձել եմ այն իրողությանը, որ փոխվում է աշխարհի կարգը։ Սա բավականին պարբերական գործընթաց է միջազգային հարաբերություններում և, ըստ էության, արտառոց ոչինչ չկա։ Այդ փոփոխությունների ընթացքում տեղի են ունենում համաշխարհային և տարածաշրջանային տերությունների ազդեցության գոտիների վերադասավորումներ, որոնք ուղեկցվում են տեկտոնական շարժումներով։ Այդպես է նույն Մերձավոր/Միջին Արևելքու։ Ըստ որում՝ մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները ևս այդ շարժումների մաս են կազմում և սխալ է այդ իրադարձությունները միջինարևելյան տարածաշրջանային վերադասավորումներից առանձին դիտարկելը։
Վերադասավորումները հանգեցնում են առանձին իրավիճակների, որոնցից յուրաքանչյուրում վերոնշյալ տերությունների վարքագիծը պայմանավորվում է՝ կոնկրետ այդ իրավիճակում առկա շահերից ելնելով։ Հենց դրա հետևանքն է, որ հաճախ տերությունների միջև կարճաժամկետ շահերի համընկնումը թվացյալ դաշինքների մասին մանիպուլյատիվ զրույցների առիթ է ստեղծում։ Այսպես, Հայաստանում պսևդոքաղաքագիտական արապապյանական մտքի «ռահվիրաները» փորձում են հասարակական գիտակցությանը համոզել, թե, օրինակ՝ «Արցախը զավթել է ռուս-թուրքական դաշինքը»։ Ավելին՝ Սյունիքում և Գեղարքունիքում վերջին խայտառակ իրադարձությունների ֆոնին Հայաստանի կապիտուլյանտ-դրածո իշխանությունների քարոզչամեքենան ամեն կերպ աշխատում է ՀԱՊԿ-Ռուսաստան կողմի վրա պատասխանատվությունը բարդելու, սեփական արկածախնդրության մեջ, ըստ էության, այլևս նախկին ռազմավարական դաշնակցին մեղադրելու։ [Կապիտուլյանտը մեկնում է Գեղարքունիք, որտեղ հող մշակող գյուղացին, ում գիտելիքները քաղաքականությունից այնքան են, որքան իմը՝ քվանտային ֆիզիկայից, կապիտուլյանտին բողոքում է ՀԱՊԿ-ից]։
Իսկ ի՞նչ է տեղի ունենում մեր տարածաշրջանում, մասնավորապես՝ Սյունիքի շուրջ իրականում։ Այստեղ բարդ աշխարհաքաղաքական շահերի կծիկ է, որը հասկանալու համար պետք է վերլուծել միջազգային հարաբերությունների ամբողջ համակարգը։ Սկսենք Արևելքից։ Մինչ դեմոկրատական արժեքների տարածման անվան ներքո Միացյալ Նահանգների էքսպանսիան հակազդեցության օջախներ էր արթնացնում աշխարհի տարբեր անկյուններում, Արևելքում կայուն կերպով զարգանում էր չինական տնտեսությունը։ Չինաստանի տնտեսության զարգացման տեմպերը կանխագուշակելի չէին Արևմուտքի համար և դրա մասին են վկայում դեռևս 20 տարի առաջ արված բազմաթիվ վերլուծություններ։ Ինչևէ, Չինաստանի ազդեցությունն այնպես կտրուկ է ավելանում, որ արդեն 2017թ․ չինական տնտեսական էքսպանսիան հասավ նրան, որ աֆրիկյան Ջիբութիում տեղակայվեց չինական ռազմաբազա։ Այժմ էլ, դեռևս խոսակցությունների մակարդակով, նշվում է Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո չինական զորամիավորում տեղակայելու ՉԺՀ մտադրության մասին։
Չինաստանի ծավալապաշտական քաղաքականության դեմն առնելու միաբևեռ աշխարհի ռեսուրսներն ակնհայտորեն այլևս բավարար չեն, որպեսզի ԱՄՆ-ը կարողանա հակազդել։ Ըստ էության, հենց այս հանգամանքով է պայմանավորված ամերիկյան նոր վարչակազմի քաղաքական մեսիջները Ռուսաստանին երկխոսելու վերաբերյալ։

Ռուսաստանն, իր հերթին, մի կողմից, նախագահի մակարդակով շարունակում է բարձրաձայնել նախկին խորհրդային տարածաշրջանի հանդեպ հավակնությունների մասին: Մյուս կողմից, այդ հավակնություններին հասնելու առջև մարտահրավերները շատ ավելի բարդ լուծելի են։ Միայն Սյունիքում Ռուսաստանի ռազմաքաղաքական շահերը (տվյալ ենթատեքստում կարևոր եմ համարում հստակ տարանջատելը ռուսական էներգետիկ-տնտեսական և ռազմաքաղաքական շահերը) բախվում են թուրքական, իրանական և չինական շահերին։ Թուրքական գործոնն ինքնին սպառնալիք է թե՛ ռուսական, թե՛ չինական, թե՛ իրանական շահերին, բայց միևնույն ժամանակ այս երեքի շահերը գրեթե չեն համընկնում, քանի որ թուրքական գործոնի դեմ չին-իրանական համագործակցության պայմանագրով դրա ռեալիզացման կարևոր խնդիրներից է Իրան-Հայաստան-Վրաստան տրանսպորտային ամուր կապը, ինչը ոչ միայն չեզոքացնելու է պանթուրանական գաղափարախոսության կյանքի կոչումը, այլև խիստ թուլացնելու է տարածաշրջանի աշխարհաքաղաքական կախվածությունը երբեմնի մետրոպոլիայից։ Այս իմաստով Ռուսաստանը իր աշխարհաքաղաքական հավակնությունների համար պետք է զսպի միաժամանակ և՛ թուրքական, և՛ չին-իրանական հավակնությունները։
Ո՞րն է ռուսաստանի շահը
Մի առիթով գրել եմ, որ Ռուսաստանը, ինչպես ցանկացած գերտերություն, չունի դաշնակիցներ, առավել ևս այն, իր այդ կարգավիճակից ելնելով, չի դիտարկում նախկին արբանյակներին՝ որպես դաշնակիցների։ Որքան էլ փաստաթղթային առումով Հայաստանը եղել է Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը, սակայն ԽՍՀՄ իրավահաջորդի շահերից բխող, ռուսերեն խոսքին համապատասխան՝ «ничего личного, только бизнес» սկզբունքով իր այդ դաշնակցի թշնամուն զենքի վաճառքը վերոնշյալ դիտարկման փաստական վկայությունն է։ Այժմ էլ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում թշնամու ռազմական արկածախնդրության վերաբերյալ ԱԳՆ փոխնախարար Ռուդենկոյի և այլ պաշտոնյաների շուրթերով հաճախ հնչեցվող «քաղաքական-դիվանագիտական լուծումների անհրաժեշտությունը» ևս այդ տրամաբանությունից է բխում։
Քննադատելի՞ է արդյոք ռուսաստանյան այս քաղաքականությունը։ Մեր տեսանկյունից՝ առնվազն խնդրահարույց է։ Բայց միջազգային հարաբերություններում որևէ հարցում շահերի համընկնման համար, նախ, անհրաժեշտ է հասկանալ, թե ո՞րն է դիմացինի շահը։ Հասկանո՞ւմ ենք մենք, թե ինչ կոնկրետ խնդիրներ է փորձում լուծել Ռուսաստանը։ Հարցը, ցավալիորեն, հռետորական է, որովհետև դրա հասցեատերը պետությունն է, իսկ Հայաստանում այսօր այդ հասցեատերը բացակայում է։

Արմեն Մխիթարյան
Միջազգային փորձագետ
27․05․21
