ՀՀ բնակչության սպասելիքները և առաջնահերթությունները Հայաստանի Հանրապետության ապագա կառավարությունից․ սոցհետազոտության

«Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի կողմից 2021թ․հունիսի 8-12ը ընկած ժամանակահատվածում իրականացված «Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների հարցում նախապատվությունների բաշխման» վերաբերյալ սոցիոլոգիական հետազոտության արդյունքում ի հայտ եկան ՀՀ բնակչության սպասելիքները և նախապատվությունները Հայաստանի Հանրապետության ապագա կառավարությունից:

Այն հարցին թե՝ «Ո՞ր կարևորագույն խնդիրները կլուծեիք, եթե Դուք ընտրվեիք ԱԺ պատգամավոր, ՀՀ Վարչապետ կամ Նախագահ» պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ.

Ամենահրատապ լուծումներ պահանջող խնդիրների հնգյակում ներառված են՝

  1. Անվտանգության, խաղաղության և պատերազմի կանխարգելման հարցերը (խաղաղության մասին լրացուցիչ հարցին ` «տալ այն ամենը, ինչ պահանջում է թշնամին, միայն թե պատերազմ չլիներ, թե՞ պայքարել և վերականգնել նախկին իրավիճակը» բոլոր հարցվողները պատասխանեցին՝ «պայքարել և վերականգնել» և ընդամենը մեկ հարցվող ասեց՝ Խորհրդային շրջանի իրավիճակի վերադարձն է խաղաղության և բարգավաճման երաշխիքը) — 36.9%;
  2. Գերիների վերադարձ — 12,7%
  3. Տնտեսական զարգացում, զբաղվածության և գործազրկության խնդրի լուծում, արդյունաբերության վերականգնում և աշխատատեղերի ստեղծում — 10.3%
  4. Նոր ձեռք բերված սահմանների, սահմանամերձ գոտի դարձած գյուղերի ու քաղաքների անվտանգության խնդիրները, «միջանցքի» վտանգը և հակառակորդի մոտակայքը — 8.4%:
  5. Բանակի հզորության վերականգնում, ռազմական արդյունաբերության զարգացում — 5.18%

Ոչ պակաս արդիական է 6-րդ հորիզոնականը՝ Ներքին ներդաշնակության և համերաշխության վերականգնման, երկրի հասարակական կյանքն իր բնականոն հունին վերադարձնելու և ներքին թշնամությունն արմատախիլ անելու խնդիրն է:

  1. Դրան հաջորդում են կրթության, առողջապահության, արտաքին քաղաքականության, առօրյա կյանքի դասավորվածության և բնակավայրերի բարեկարգման խնդիրները:
  2. Հատկանշական է, որ կոռուպցիայի և արդար դատական համակարգի խնդիրները աղյուսակում զբաղեցնում են 21-րդ և 23-րդ հորիզոնականները և վերաբերում են հարցվածների 0.3% -ին և 0.16% -ին:
  3. Ազատ և արդար ընտրությունների կարևորությունը 28-րդ տեղում է ՝ կազմելով հարցվածների 0,11% -ը:
  4. Եվ միայն 0,11% -ն է անհրաժեշտ համարում վերջ դնել թավիշին («Վերջ թավիշին») և վերադարձնել ռազմական դրությունը:

Առաջնահերթ խնդիրների բաշխումն առավել մանրամասն ներկայացված է աղյուսակում և տասնյակը պատկերված է նկարում:

«Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի կողմից 2021թ․ հունիսի 8-12ը ընկած ժամանակահատվածում իրականացված «Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների հարցում նախապատվությունների բաշխման» վերաբերյալ սոցիոլոգիական հետազոտության ավելի մանրամասն արդյունքները պատրաստ է տրամադրել կուսակցություններին և (կամ) կոալիցիաների ներկայացուցիչներին: (Sociometr.isc@gmail.com)