Արա Այվազյանն անհեթեթ է համարում Արմեն Գրիգորյանի մեղադրանքը
Armeniasputnik.am-ը գրում է.
«Նախկին արտգործնախարարը Sputnik Արմենիայի հետ զրույցում արձագանքել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի` իր հասցեին արած հայտարարությունները։
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանն անհեթեթ է համարում իշխանության` իրեն ուղղված մեղադրանքը։
«Անհեթեթությունները չեմ մեկնաբանում»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Այվազյանը` արձագանքելով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունն այն մասին, թե Այվազյանն իր պաշտոնավարման ժամանակ տորպեդահարել ու խոչընդոտել է գերիների հարցի լուծումը։
Հիշեցնենք` այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել էր, որ գերիների հարցը լուծվեց միայն մայիսի 27-ից հետո, երբ Այվազյանը հրաժարական տվեց։
Ըստ նրա` Այվազյանը ստել էր գործընկերներին, թե Հայաստանն ականապատման քարտեզներ չունի` դրանով նպատակ ունենալով խնդիրներ ստեղծել իշխող քաղաքական թիմի համար
Նշենք` հունիսի 12-ին հայտնի դարձավ, որ Բաքուն Ակնայի (Աղդամ) ականապատ տարածքների քարտեզի դիմաց Հայաստանին է փոխանցել 15 հայ ռազմագերի։
Դրանից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների ճշտված թիվը 60 է, չճշտվածներինը՝ 110։»
