Նախկին դատախազի դիմումն ուղարկվել է ԱԱԾ եւ ՀՔԾ. «Հրապարակ»
«Հրապարակ օրաթերթ» գրում է․ «Հոկտեմբերի 27-ի գործով մեղադրող, այժմ փաստաբանությամբ զբաղվող Հակոբ Մարտիրոսյանը Նիկոլ Փաշինյանի դեմ Գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել։ Այն ուղարկվել է Հատուկ քննչական եւ Ազգային անվտանգության ծառայություններ՝ մեզ ասաց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ ճակատագիր եւ ընթացք է ունեցել Հակոբ Մարտիրոսյանի դիմումը։
««Հաղորդում» վերտառությամբ դիմումն ստացվել է Գլխավոր դատախազությունում: Դրա ուսումնասիրությամբ պարզվել է, որ այն վերաբերել է մի քանի հանգամանքների: Հաշվի առնելով, որ հաղորդման մեջ նշված հանգամանքների մի մասով այս պահին քննություն է իրականացվում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում՝ Շուշիի անկման եւ Արցախի հարավային ուղղությամբ կատարված իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում, իսկ մի մասով՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող՝ Մովսես Հակոբյանի կողմից ասուլիսում արված հայտարարությունների առթիվ հարուցված քրեական գործի, յուրաքանչյուրին վերաբերող մասով դիմումն ուղարկվել է ՀՀ ԱԱԾ եւ ՀՀ ՀՔԾ՝ վերոնշյալ քրեական գործերին միացնելու եւ դրանցով եւս քննություն իրականացնելու հանձնարարությամբ»,- ասաց Աբրահամյանը։
Հակոբ Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Գլխավոր դատախազությունից իր հաղորդման վերաբերյալ պատասխան դեռ չի ստացել։ Հիշեցնենք, որ Հակոբ Մարտիրոսյանի կարծիքով, «Նիկոլ Փաշինյանն ուղղակի դիտավորությամբ կատարել է արարքներ, որով օգնել է Ադրբեջանի Հանրապետությանը, որպեսզի վերջինիս կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացված թշնամական գործունեության արդյունքներով Ադրբեջանի վերահսկողության ներքո վերադառնան հայկական զինված ուժերի կողմից նախկինում ազատագրված, Արցախի տարածքային ամբողջականության մաս կազմած տարածքները, այդ թվում՝ Հադրութի շրջանը եւ Շուշի քաղաքը»:
