Դատարանը վարույթ է ընդունել Սերժ Սարգսյանի հայցն ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի

News.am-ը գրում է.

«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ՀՀ երրորդ նախագահի Սերժ Սարգսյանի ներկայացրած հայցն ընդդեմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի դեմ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Դատալեքս» տեղեկատվական համակարգից:

Դատական գործի վերաբերյալ տեղեկություններից պարզ է դառնում, որ երրորդ նախագահը հայց է ներկայացրել նաեւ ԱԺ աշխատակազմի դեմ` պահանջելով հրապարակայնորեն հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները և հատուցել իր պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասը։

Դատական գործը մակագրվել է ընդհանուր իրավասության դատարանի Քանաքեռի նստավայրի դատավոր Սերգեյ Սահակյանին:

Դատավարության մեկնարկի օրը նշանակված չէ։

Հիշեցնենք, որ  օգոստոսի 25-ին խորհրդարանում Սուքիասյանն հայտարարել էր, թե Սարգսյանը 100 միլիոն դոլարից ավելի գումար «կազինոներում կրվել է Բադեն-Բադեններում», եւ դա, իշխանական պատգամավորի պնդմամբ, է բանակի և պետության այլ ծախսերի հաշվին՝ վերածվելով լայնամասշտաբ կոռուպցիայի:

Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը դատական հայց էր օրեր առաջ ներկայացրել՝ հայտնելով, որ 1 միլիոն դրամ փոխհատուցում են պահանջելու, որը ստանալու դեպքում կփոխանցեն Զինվորների ապահովագրության հիմնադրամին։»