Ինչ լավ է չէ հեռվից հետևել ուրիշի սահմաններին կատարվող ողբերգությանը. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր անձնական բլոգում գրում է.

«Ինչ հեշտ է չէ՞ նստել Նյու Յորքի կամ Չիկագոյի որևէ սրճարանում և կարդալ որևէ երկրի սահմանին կատարվող արյունալի իրադարձությունների մասին:

Այդ մարդկանց համար կատարվող ռազմական իրադարձությունները նման են ֆիլմ դիտելուն կամ գիրք կարդալուն նրանք գիտեն, որ այդ ամենը տասնյակ հազարավոր կիլոմետր հեռու է իրենց սրճարանից կամ օֆիսից կամ իրենց ընտանիքից:

Այդպես միջին վիճակագրական ամերիկացին իրեն պահում էր առաջին և երկրորդ աշխարհամարտի ժամանակ, չնայած նրան, որ նրանք մասնակցել են տարբեր ժամանակ տարբեր պատերազմների, բայց այդ պատերազմները երբեք իրենց սեփական հողում տեղի չեն ունեցել, ի տարբերություն մեզ կամ Ռուսաստանի:

Այսօր էլ նույնն է, նրանք մեր տարածքներում կատարվող ռազմական իրադարձություններին հետևում են և իրենց պետական շահերից բխող քայլեր անում, հազարավոր կիլոմետրներ հեռավորությունից ուզում են սահման գծեն, ապրել սովորեցնեն, պետություններ քանդեն, նորից հավաքեն, հետո նորից քանդեն: Ու այդ ամենը կկատարվի ուրիշ ժողովուրդների արյան և կյանքի գնով ու երբեք ու երբեք ոչ իրենց երեխաների ու ընտանիքների կամ իրենց ժողովրդի ապագայի հաշվին:

Ինչ լավ է չէ հեռվից հետևել ուրիշի սահմաններին կատարվող ողբերգությանը»