(ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ) Հերթական սուտը կառավարության նիստում. կապիտալ ծախսերի կատարողականի աննախադեպ ցուցանիշ արձանագրվել է Ս. Սարգսյանի օրոք, իսկ փաշինյանական կառավարությունը հեռու է այդ արդյունքներից

Antifake.am-ը գրում է.

«Ֆինանսների նախարարի հետ մեր վերջին աշխատանքային քննարկման ժամանակ արձանագրեցինք, որ կան շանսեր այս պահի դրությամբ և նախորդ տարվա արդյունքներով, որպեսզի մենք ի վերջո կապիտալ ծախսերի իրականացման նոր նշաձողի հասնենք, որը շատ երկար տարիներ գոյություն ունեցող պրոբլեմ է. երևում է թունելի վերջը, որ լուծման հնարավորություն կա։ Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, Կառավարության նիստի ընթացքում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն էլ իր խոսքում նշել է, որ 2021թ. արդյունքներով արձանագրվել է 218 մլրդ դրամ կամ ճշտված կապիտալ ծախսերի նկատմամբ 92,3% կատարողական` ընդգծելով, որ «դա բոլոր տարիների նկատմամբ ամենաբարձր ցուցանիշն է»։

Ինչպես գիտենք, Նիկոլ Փաշինյանը հաճախ է գլուխ գովում իր կառավարության տարբեր ոլորտներում արձանագրած այս կամ այն ցուցանիշներով։ Նախկինում Նիկոլ Փաշինյանը դրանք ներառում էր իր սիրելի «100 փաստեր»-ում, դրանք ասուլիսների ժամանակ ներկայացնում հանրությանը, սակայն կարճ ժամանակ անց պարզ էր դառնում, որ նրա ներկայացրած ցուցանիշների մի մասը կեղծ է, մի մասը մանիպուլացված, իսկ մի մասն էլ ամբողջությամբ չի արտացոլում իրականությունը։

Այս գործելակերպը որդեգրել են նաև Նիկոլ Փաշինյանի կառավարության անդամները։ Ֆինանսների նախարարը, ներկայացնելով կապիտալ ծախսերի մասով արձանագրված տվյալները, վերջում ասում է, որ «դա բոլոր տարիների նկատմամբ ամենաբարձր ցուցանիշն է»` տպավորություն ստեղծելով, որ ցանկանում է բավարարել Նիկոլ Փաշինյանի՝ թունելի վերջը տեսնելու ցանկությունը։

Այսպես, ըստ «Լույս» տեղեկատվական հարթակի՝ իրականում կապիտալ ծախսերի կատարողականը ճշտված պլանի նկատմամբ կազմել է 92.3%, իսկ տարվա համար սկզբնապես սահմանված պլանի նկատմամբ՝ 100%: Սակայն, այդ ցուցանիշը միայն վերջին 4 տարիների ամենաբարձր ցուցանիշն է` ասել է թե Նիկոլ Փաշինյանի կառավարության նախորդ տարիների ծայրահեղ վատ ցուցանիշների համեմատ ըստ ՀՀ կառավարության ծրագրի 2021 թվականի կատարման զեկույցի՝ 2020թ.-ին այն եղել է 84.9%, 2019թ.-ին՝ 73.5%, իսկ 2018թ.-ին՝ 74.0%:

Տեղեկատվական հարթակը հայտնում է, որ իրականում կապիտալ ծախսերի կատարողականի աննախադեպ ցուցանիշ արձանագրվել է 2017 թվականին։ Այդ տարի կապիտալ ծախսերը ի սկզբանե պլանավորվածի համեմատ գերակատարվել են շուրջ 2.4 անգամ (98.6 մլրդ նախապես պլանավորվածի փոխարեն փաստացի իրականացվելով 237.4 մլրդ դրամ): Հետևաբար, այս ցուցանիշով ներկա կառավարությունը դեռևս հեռու է նախորդ կառավարության դրական արդյունքներից: (Գրաֆիկ 1)

«Լույս»-ի փոխանցմամբ՝ կապիտալ ծախսերի վերլուծության պարագայում կարևոր է նաև ուսումնասիրել տնտեսության համեմատ դրանց կշռի փոփոխությունը, որտեղ պատկերը նույնպես մտահոգիչ է, քանի որ կապիտալ ծախսերը 2021թ. կազմել են ՀՆԱ-ի 3.1%, ինչը ցածր է 2020թ. ցուցանիշից շուրջ 0.6 տոկոսային կետով, իսկ 2017թ. ցուցանիշից՝ շուրջ 1.2 տոկոսային կետով, ինչպես նաև ցածր է ՀՀ պատմական (2000-2020թթ. միջին) կապիտալ ծախսեր/ՀՆԱ հարաբերակցությունից շուրջ 0.6 տոկոսային կետով (2020թ.-ի պարագայում կապիտալ ծախսերի կշռի աճը ՀՆԱ-ի նկատմամբ պայմանավորված էր ռազմական գործողությունների արդյունքում ռազմական նպատակներով ծախսեր կատարելու անհրաժեշտությամբ)։ Պատմական միջինի համեմատ կապիտալ ծախսերի ՀՆԱ-ի նկատմամբ կշռի ամենից բարձր, աննախադեպ ցուցանիշն իրականում արձանագրվել է կրկին 2017թ.-ին` կազմելով 4.3%: (Գրաֆիկ 2)

Այսպիսով, հերթական անգամ փաշինյանական կառավարությունը ստում է հանրությանը՝ կապիտուլացված ու աղետալի իրավիճակում գտնվող երկրում «աննախադեպ» տնտեսական ցուցանիշների պատրանք ստեղծելու համար։

 

Աղբյուր՝ AntiFake.am