Վաղը կայանալու է «Թեհրան 43 »-ի շարունակությունը` ռուսական տարբերակով. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ՖԲ էջում գրում է.

«Վաղը կայանալու է «Թեհրան 43 »-ի շարունակությունը` ռուսական տարբերակով

2-րդ աշխարհամարտից ի վեր (իսկ ավելի ստույգ՝ «Թեհրան 43»-ից) նման ակտիվություն չի դիտվել մեր տարածաշրջանում

Ինչպես գիտեք, ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի այցից անմիջապես հետո այսօր Երևան է այցելել ՌԴ գլխավոր հետախույզ, արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը: Շատ բաներ գրվեց այս երկու կարևոր այցերի մասին, շատ վերլուծություններ եղավ իրականին մոտ սցենարներից մինչև ապոկալիպտիկ և ֆանտաստիկ, բայց եկեք այս այցերին նայենք մեկ այլ տեսանկյունից:

Վաղը ՌԴ նախագահը մեկնում է Թեհրան և այնտեղ կայանալու է ոչ թե տարածաշրջանի, այլ կարելի է ասել նոր աշխարհակարգի վերաբերյալ լրջագույն հանդիպում:

Վլադիմիր Պուտինը հանդիպելու է Իրանի և Թուրքիայի նախագահների հետ, իհարկե ըստ պաշտոնական տեղեկատվության նրանց թեման Սիրիան է, բայց բոլորն էլ հասկանում են, որ գլխավոր թեման ՌԴ նախաձեռնած բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման հարցերն են, որտեղ միասնական արևմուտքը պարտվում է Ռուսաստանին: Ի դեպ, ըստ որոշ աղբյուրների, նաև նախապատրաստվում է նոր համագործակցության պայմանագիր Իրանի և ՌԴ միջև:

Կարելի է ասել, որ այս վիճակը շատ նման է 1943թ Թեհրանի կոնֆերանսին, ուղղակի բացի Ռուսաստանից, փոխվել են նաև աշխարհում դերերն ու դեմքերը, եթե այն ժամանակ հակահիտլերյան կոալիցիա էր, այսօր ամեն բան այդքան պարզ և հեշտ չի:

Արևմուտքն իր լիբերալ տոտալիտարիզմի նկրտումներով ցանկանում է աշխարհը պահել միաբևեռ կարգավիճակում, սակայն ՌԴ-ն և իր մի շարք դաշնակիցների և համագործակցող պետությունների օժանդակությամբ խանգարեց նրանց ծրագրերի իրականացմանը:

Նարիշկինի այսօր Երևանում հնչեցրած կարևոր քաղաքական հայտարարություններից բացի, կարծում եմ, այստեղ հենց Թեհրանի սպասվող հանդիպումն է խառնել Արևմուտքի խաղաքարտերը:

Հ.Գ Դե իսկ Նարիշկինի դաշնակիցներին պաշտպանելու պատրաստակամության մասին հայտարարությունը իրականում լրջագույն ուղերձ էր այն կենտրոններին, որոնք թե ներսից, թե դրսից ձգտում են քայքայել ՌԴ բարեկամի և դաշնակցի հայկական կարգավիճակը:

Չեմ բացառում, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի այցը Հայաստան կապված է հենց իմ այցի հետ․ ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար 😉»