ՀՀ-ում տնտեսական ակտիվության աճի բարձր տեմպը դանդաղել է. ԿԲ նախագահ

2023 թվականի երրորդ եռամսյակում ՀՀ-ում տնտեսական ակտիվության աճի բարձր տեմպը դանդաղել է, հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

«Տնտեսական աճին շարունակում են նպաստել շինարարության և ծառայությունների ճյուղերի բարձր աճերը», — ասաց Գալստյանը։

Նա նշեց, որ ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում նվազեցնել քաղաքականության տոկոսադրույքը.

«Խորհուրդը հետևողական է լինելու համարժեք գործողություններով ապահովելու պահանջարկի կարգավորում և գնաճային սպասումների կայունացում։ Դրամավարկային քաղաքականության նախանշված սցենարում 12-ամսյա գնաճը առաջիկայում կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում, այնուհետև աստիճանաբար կավելանա և միջնաժամկետում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ», — ասաց նա։

Գալստյանն ասաց, որ տարվա համար կանխատեսվում է 7,2% տնտեսական աճ, ինչին կնպաստեն ծառայությունների և շինարարության ոլորտում աճը։

Աղբյուր՝ YerevanToday