Նոր մանրամասներ՝ այսօր Բագրատաշենի սահմանային գոտում տեղի ունեցած դեպքից
Այսօր՝ հունվարի 3-ին, ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի Բագրատաշենի սահմանային անցման կետում տեղի ունեցած խոշոր հրդեհի առաջացման փաստով, որի հետևանքով կան տուժածներ։
ՀՀ ՊԵԿ Բագրատաշենի սահմանային անցման կետում ազգությամբ պարսիկներ՝ Երևանի բնակիչ 40-ամյա Կորյուն Օ․-ն, Կոտայքի մարզի բնակիչ 44-ամյա Արմոնդ Ա․-ն և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 26-ամյա Ղասեմ Հ․-ն մասնավոր շինարարական աշխատանքներ կատարելու ընթացքում, Արմոնդ Ա․-ն ժամը 12։30-ի սահմաններում եռակցման սարքով մետաղ զոդելու ժամանակ, խախտելով հրդեհային անվտանգության կանոններն ու պահանջները, իրականացրել է զոդման աշխատանքներ, որի ընթացքում զոդումից առաջացած կայծերից անգարում գտնվող պայթուցիկ հրագործական միջոցները պայթել են, ինչից էլ հրդեհ է բռնկվել, որի հետևանքով Արմոնդ Ա․-ն, Ղասեմ Հ․-ն և նույն վայրում գտնվող Երևանի բնակիչ 36-ամյա Վարդան Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ այսօր՝ ժամը 13:10 -ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Բագրատաշենի անցակետում։
