Ինչո՞ւ այնուամենայնիվ որոշվեց սահմանազատումը սկսել հյուսիսից
Ինչո՞ւ այնուամենայնիվ որոշվեց սահմանազատումը սկսել հյուսիսից։ Ավելի խելամիտ չէ՞ր այն սկսել Հայաստանի օկուպացված տարածքներից, օրինակ, Ներքին Հանդից կամ Ջերմուկից, արտգործնախարար Արարատ Միրզոյանին հարցրեց դաշնակցական պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Արարատ Միրզոյանն, ըստ էության, նշեց՝ որոշվել է սահմանազատումը սկսել հյուսիսից, քանի որ երկկողմ համաձայնությունը դրա վերաբերյալ է եղել։
«Մենք կրկին ասում ենք, որ մենք ունենք օկուպացիայի տակ գտնվող տարածքներ 200 քառակուսի կիլոմետրից ավելի, որոնք, իհարկե, պետք է ներկայացնենք սահմանազատման գործընթացի ժամանակ՝ մեր փաստարկները, հիմնավորումները, թղթերը և այլն: Սկսել հյուսիսից, թե հարավից, եթե անկեղծ գնահատականս եք ուզում, Դուք Ձեր մտքի մեջ մի հատ բան գծած, որը Ձեր մտքի մեջ է: Ինձ մնար, Հայաստանի սահմանազատումը կսկսեր Խաղաղ օվկիանոսից, կարող է ավարտեի Ատլանտյան օվկիանոսով, բայց մոլորակի վրա բացի մեզնից կա 200 հատ էլ պետություն: Մենք շահագրգիռ ենք, որ սահմանազատման գործընթացը շարունակվի, մենք համարում ենք այն խաղաղության գործընթացի շատ էական կարևոր բաղադրիչ», — արձագանքեց Միրզոյանը:
Վարչապետը բացատրեց, թե ինչու է սահմանազատումը սկսվելու Տավուշից
Ի դեպ, սահմանազատումը հյուսիսց սկսելու հարցին անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ պատասխանում էր Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարության մասին հարցին: Թե ինչո՞ւ է Հայաստանի կառավարությունը լուռ հարցին, Փաշինյանն արձագանքեց՝ խնդրին մոտենում են Բաքվում պահվող գերիներին չվնասելու տրամաբանությամբ:
Ապա վարչապետը բացատրեց, թե ինչու է սահմանազատումը սկսվելու Տավուշից: Ըստ Փաշինյանի, այնտեղ արդեն որոշ հատվածներ արդեն սահմանազատվել են ու իրենք ցանկանում են այդ հատվածում սահմանազատումը դարձնել ամբողջական:
«Մենք այդ հատվածում ունենք մի քանի հատվածական սահմանազատում, նույն Կիրանցի հատվածում, ինչքան էլ մենք ասում ենք, Կիրանցի հատվածի մի հատվածն է սահմանազատված: Այսինքն՝ Բերքաբերից Կիրանց, էդ արանքը, Բաղանիսից դեպի Ջուջևան, էդ հատվածը, Կոթիի հատվածը սահմանազատված չեն: Հիմա մենք էնտեղ ունենք սահմանազատված հատվածներ, որոնք, այո, անվտանգության երաշխիք են: Մենք ուզում ենք այդ կտորները դարձնել ամբողջական: Դուք ասում եք՝ Ներքին Հանդ, մենք համաձայն ենք դրա հետ, բայց դա չի նշանակում, որ մենք Բերդավան կամ մյուս գյուղի բնակչի անվտանգությունը ասում ենք, չէ, էնտեղ ավելի կարևոր է, քան էնտեղ, չենք ասում», — նշեց վարչապետը:
