Զելենսկին հայտնել է, որ ԱՄՆ նախագահից ներողություն խնդրելն անհրաժեշտ չի համարում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Fox News-ի հարցազրույցում ասել է, որ հարկ չի համարում ներողություն խնդրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից Սպիտակ տանը տեղի ունեցած բանակռվից հետո։
«Ոչ, ես հարգում եմ նախագահին եւ հարգում եմ ամերիկացի ժողովրդին, եւ ես կարծում եմ, որ մենք պետք է շատ բաց եւ շատ ազնիվ լինենք, եւ ես վստահ չեմ, որ մենք սխալ բան ենք արել», ասել է Զելենսկին: «Կարծում եմ՝ կան որոշ բաներ, որոնք մենք պետք է քննարկենք լրատվամիջոցներից դուրս՝ հարգելով ժողովրդավարությունը եւ ազատ լրատվամիջոցները»:
Հիշեցնենք, որ երեկ բանակցությունների ընթացքում ԱՄՆ եւ Ուկրաինայի նախագահները սկսել են բարձրաձայն խոսել։ Թրամփը Զելենսկուն մեղադրել է երախտամոռության մեջ։ Վեճին միացել է նաեւ ԱՄՆ փոխնախագահը։
Ավելի ուշ Թրամփը հայտնել է, որ Զելենսկին պատրաստ չէ խաղաղության։
Որոշ ժամանակ անց Թրամփ-Զելենսկի մամուլի ասուլիսը չեղարկվել է, իսկ հանքանյութերի գործարքը՝ հետաձգվել։
Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հարցազրույց է տվել CNN-ին, որի ժամանակ հայտնել է, որ Ուկրաինայի նախագահը պետք է ներողություն խնդրի ԱՄՆ նախագահից։
