Մեզ համար անընդունելի է «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը. Դա ընկալվում է տարածքային նկրտում. Փաշինյան

Մեզ համար անհասկանալի և անընդունելի է «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը: Այս մասին թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Որովհետև նախ Հայաստանն այդ արտահայտության հետ որևէ առնչություն չունի, և այն փաստով, որ նման արտահայտություն է օգտագործվում, Հայաստանի Հանրապետությունում դա ընկալվում է որպես տարածքային նկրտում Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։

Ես բոլորովին վերջերս հոդված հրապարակեցի այդ թեմայով, որի հիմնական իմաստն այն էր, որ մենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման կողմնակից ենք, և թույլ տվեք ասել, որ առաջին հերթին մենք ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման կողմնակից, որովհետև իրականում մենք ենք, որ շրջափակման մեջ ենք։ Ոչ մի ուրիշ երկիր տարածաշրջանում շրջափակման մեջ չէ։ Մենք 4 սահման ունենք, որից երկուսն ամբողջությամբ փակ է։ Եվ այս փաստն ինքնին ցույց է տալիս, թե ինչքանով մենք պետք է և շահագրգռված ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ։

Շատ հղում է արվում, այդ թվում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետին, բայց ես ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել մի շատ կարևոր փաստի վրա, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում միջանցք արտահայտություն ընդհանրապես չկա։ Ես հասկանում եմ, որ միջանցք բառն այլ տարածաշրջաններում և միջազգային խոսույթում այլ կերպ է օգտագործվում, բայց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համատեքստում այնտեղ կա մի նրբություն, այնտեղ կա Լաչինի միջանցք արտահայտություն, որն այս համատեքստում որոշակիորեն, այսինքն՝ դա գրված և ստորագրված է, իսկ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում միջանցք արտահայտություն ընդհանրապես գոյություն չունի:

 

https://youtu.be/s8VlnV0jG70