Թեթև տարեք. ՀՀ նախկին նախագահների ներկայացուցիչներն արձագանքել են Փաշինյանի ելույթին
Նիկոլ Փաշինյանը նաև վստահեցրել էր, որ նախկին նախագահներն իրենց կառուցած կապիտուլյացիան են փաթաթում իր վզին։
ՀՀ նախկին նախագահների ներկայացուցիչները պատասխանել են Նիկոլ Փաշինյանին, որն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ կարող է Լեռնային Ղարաբաղի շուրջ բանավեճի ընթացքում նախագահներին «պատերով տալ»։
Նշենք, որ մարտի 26-ին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ նախկին նախագահներն իրենց կառուցած կապիտուլյացիան փաթաթում են իր վզին։ Վստահեցրեց` ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի թողած բանակցային բովանդակությունից չի եղել որևէ գործողություն, որ հնարավոր լիներ ձևակերպել այլ կերպ, քան կապիտուլյացիա։ Նա հերթական անգամ Լևոն Տեր–Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին հրավիրեց բանավեճի ու ագրեսիվ տոնով «պատերով կտամ», «ոտի տակ կտամ» և «ըտեղից ձեր քաղաքական դիակի մնացորդները կհանեն» արտահայտություններն արեց։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը Նիկոլ Փաշինյանի արած արտահայտությունները հիստերիա է անվանել ու արձագանքել է Սերժ Սարգսյանի ասած արտահայտություններից մեկով. «Ես հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ»:
Լևոն Տեր–Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանն էլ ընդգծել է, որ Փաշինյանն ընդունակ է ցանկացած քայլի` միայն թե չհրապարակի ղարաբաղյան կարգավորման՝ Մինսկի խմբի պաշտոնական պլանները և ՀՀ պաշտոնական պատասխանները։
«Նա կկծի, կլացի, քացի կտա, կգոռա ու կսպառնա, որ կբողոքի վերին ատյաններ, կանի արդեն պատկերացնելին ու դեռևս անպատկերացնելին: Բայց երբեք չի հրապարակի ղարաբաղյան կարգավորման՝ Մինսկի խմբի պաշտոնական պլաններն ու Հայաստանի պաշտոնական պատասխանները, այդ թվում՝ իր կողմից մերժված 2019 թվականի պլանը: Թեթև տարեք, դա հին պատուհասական ադաթ ա»,– «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Մուսինյանը:
Հիշեցնենք, որ Փաշինյանի այսօրվա հայտարարությանն ավելի վաղ արձագանքել էր նաև ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
