Վաղարշապատ համայնքի ավագանու կայանալիք ընտրություններում ՔՊ-ի հաղթանակ գրանցելու շանսերը գնալով նվազում են 

2025 թվականի նոյեմբերի 16-ին նշանակված են Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններ։

Փառաքարում և Գյումրիում կրած պարտությունից հետո ՔՊ-ն պետք է որ լուրջ մտահոգված լինի այս ընտրություններում լավ արդյունք գրանցելու հարցով։ Հատկապես վարկանիշի աննախադեպ անկման ֆոնին։ 

Ինչպես արդեն գրել ենք, Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններին մասնակցելու համար հոկտեմբերի 13-ի դրությամբ ԸԸՀ-ին համապատասխան փաստաթուղթ են ներկայացրել 9 քաղաքական ուժ․ 

«Հայրենիք» կուսակցությունը

«Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը՝ կազմում «Առաջ» և «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները

«Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունը

«Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունը

«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցությունը

«Ժառանգություն» կուսակցությունը

«Ազգային Առաջընթաց» կուսակցությունը

«Հանրապետություն» կուսակցությունը

«Համահայկական Ճակատ» կուսակցությունը

Ինչպես և այլ խոշոր համայնքներում, Վաղարշապատում կայանալիք ավագանու ընտրությունների շուրջ արդեն մի քանի ամիս է, ինչ ինտրիգ է ծավալվում։ 

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ՀՀ վարչապատ Նիկոլ Փաշինյանին հավաստիացրել են, որ 3 տարի Խոյ համայնքը կառավարած և այս ընտրություններում ՔՊ-ի թեկնածու հանդիսացող  Արգիշտի Մեխակյանն իր   ընտրողների շնորհիվ կկարողանա հաղթել Վաղարշապատի ընտրություններում։  Դրանով պայմաավորված, Վաղարշապատ համայնքը բոլորովին վերջերս ևս մեկ անգամ խոշորացվեց և այժմ իր կազմում ներառում է նաև Խոյ համայնքը։ 

Սակայն, իշխող քաղաքական ուժը այնուամենայնիվ, այնքան էլ համոզված չէ հեշտ հաղթանակ գրանցելու բարձր հավանականության մասով։ Թեպետ  Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների պաշտոնական քարոզարշավը դեռ չի սկսվել, սակայն իշխանությունը տևական ժամանակ քարոզարշավ է իրականացնում։ Մասնավորապես, ըստ ԶԼՄ-ների, Արմավիրի նորանշանակ մարզպետ Վահրամ Խաչատրյանը մարզպետարանը վերածել է նախընտրական շտաբի։

Հատկանշական է խիստ արևմտամետ, անգամ հակառուսական ուղղվածություն ունեցող  «Ազատ Դեմոկրատներ» և «Հանրապետություն» կուսակցությունների մասնակցությունը այս ընտրություններին։ Հաշվի առնելով այլ համայնքներում նախորդ ՏԻՄ ընտրությունների արդյունքների պատկերը, հիմքեր ունենք համարելու, որ հաջողության դեպքում այս կուսակցությունները ՔՊ-ի հետ կկազմեն կոալիցիա և այդպիսով կունենան որոշակի շանսեր ունենալ ներկայանալի քվով մանդատներ։  

Այդուհանդերձ, հարկավոր է դիտարկել քաղաքական դաշտի կոնֆիգուրացիայի փոփոխությունները և արձանագրել, որ գալիք ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել նաև զգալի թվով ռուսաստանամետ դիրքորոշում ունեցող ընդդիմադիր քաղաքական ուժեր։ Վաղարշապատ համայնքի ավագանու նախորդ ընտրություններին պատկերը լրիվ այլ էր, ինչը թույլ տվեց ՔՊ-ին այն ժամանակ հաղթանակ գրանցել։ 

Ըստ ամենայնի, այս ընտրությունները շատ բարդ են լինելու ՔՊ-ի համար։