ՀՀ-ում բռնի տեղահանված ավելի քան 14 000 արցախցի հոկտեմբերի դրությամբ ստացել է ՀՀ քաղաքացիություն
ՀՀ-ում բռնի տեղահանված ավելի քան 14 000 արցախցի հոկտեմբերի դրությամբ ստացել է ՀՀ քաղաքացիություն։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն 2025 թվականին ստացել է ավելի քան 17 000 մարդ։ Այս մասին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային ու պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թ․ պետական բյուջեի նախնական քննարկմանն ասաց ՀՀ ներքի գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
«Ընթացիկ տարվա 9 ամսվա հաշվարկով, ՀՀ նախագահի հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել 17 180-ի անձի։ Այստեղ նախորդ տարվա համեմատ 15,5 տոկոս աճ կա։ Դադարեցվել է 3166 անձի քաղաքացիություն, այնտեղ ևս գրանցվել է 10,7 տոկոս աճ»,- ասաց Սարգսյանը։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց քաղաքացիություն շնորհելու գործընթացին՝ Սարգսյանն ընդգծեց, որ 2025 թվականի հոկտեմբերի 30-ի դրությամբ քաղաքացիություն ստանալու համար դիմել է 21 916 տեղահանված անձ։ Նրանցից 14 064-ն արդեն քաղաքացիություն է ստացել։ Անձնագրավորման միջոցով էլ քաղաքացիություն ստացել է 7191 անչափահաս անձ։ Ընթացիկ 7852 գործ կա, որոնք այժմ քննարկման փուլում են գտնվում:
ՆԳ նախարարը նաև նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիներին տրամադրվել է 312 177 անձնագիր։
Հիշեցնենք` ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։
