Ախուրյան համայնքում մեկնարկել է մի քանի բնակավայրի սնող գազատարի կառուցման ծրագիրը
Շիրակի մարզի Ախուրյան համայնքում մեկնարկել է Կրաշեն, Ջաջուռ, Ջաջուռավան և Մեծ Սարիար բնակավայրերի սնող գազատարի կառուցման սուբվենցիոն ծրագիրը, որով նախատեսվում է կառուցել 9.7 կիլոմետր երկարությամբ ստորգետնյա գազատար, որն էլ կապահովի նշված բնակավայրերի միացումը գազամատակարարման միասնական ցանցին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Շիրակի մարզպետի աշխատակազմից, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 234 մլն 719 հազար 650 դրամ, որից 55 տոկոսը՝ 129 մլն 95 հազար 807 դրամը, կհատկացվի ՀՀ կառավարության կողմից, իսկ մնացած մասը՝ համայնքային միջոցներով։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը և Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը հետևել են աշխատանքների ընթացքին։ «Ուրախալին այն է, որ պետություն-համայնք համագործակցության արդյունքում այսօր կյանքի է կոչվում մի ծրագիր, որը երկար սպասված էր հատկապես այս բնակավայրերի բնակիչների համար։ Սուբվենցիոն այս ծրագիրը կարևոր ենթակառուցվածքային նախաձեռնություն է, որը կնպաստի բնակիչների կենցաղային պայմանների բարելավմանը, բնակավայրերի էներգետիկ ապահովության մակարդակի բարձրացմանն ու տնտեսական աշխուժացմանը։ Նպատակը մեկն է՝ անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեր երկիրը, մեր մարզը, մեր համայնքները և մեր ընտանիքները լինեն բարեկեցիկ»,-նշել է Դավիթ Առուշանյանը։
