Թրամփը Մադուրոյին սպառնացել է ուժ կիրառել, եթե նա չթողնի պաշտոնը
Սպիտակ տունն ավելի վաղ խոսել էր Վենեսուելայում ցամաքային գործողություն իրականացնելու հնարավորության մասին, հաստատվել են նաև այդ երկրում ԿՀՎ-ի գաղտնի գործողությունները:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին սպառնացել է ուժ կիրառել, եթե վերջինս ինքնակամ չթողնի իր պաշտոնը, հաղորդում է Wall Street Journal պարբերականը:
Անցած շաբաթ պետությունների ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել։ Դրա ընթացքում նախագահներն անդրադարձել են հնարավոր երկկողմ հանդիպման թեմային, սակայն ներկայումս այդպիսի հանդիպում չի նախատեսվում:
«Թրամփը Մադուրոյին ասել է, որ եթե նա ինքնակամ չհեռանա պաշտոնից, ապա ԱՄՆ-ն կքննարկի այլ տարբերակներ, այդ թվում՝ ուժի կիրառումը»,-ասվում է հրապարակման մեջ:
Նախօրեին Թրամփը բոլոր ավիաընկերություններին կոչ է արել Վենեսուելայի և դրա շուրջ օդային տարածքը փակ համարել:
Ամերիկացի զինվորականները՝ Վենեսուելայի ափերի մոտ
Վերջին ամիսներին Վենեսուելայի ափերի մոտ ավելի ու ավելի շատ ամերիկյան նավեր են հայտնվում։ ԱՄՆ-ն Կարիբյան տարածաշրջանում ռազմական ներկայությունն արդարացնում է թմրավաճառության դեմ պայքարով։
Սեպտեմբերին և հոկտեմբերին ԱՄՆ-ն իր զինված ուժերը բազմիցս օգտագործել է ենթադրաբար թմրանյութեր տեղափոխող նավերի ոչնչացման համար։
ԶԼՄ-ները հայտնել են նաև, որ ԱՄՆ զինված ուժերն աշխատում են Վենեսուելայի ներսում թմրավաճառներին հարվածներ հասցնելու տարբերակների վրա:
Նոյեմբերին Թրամփը կարծիք էր հայտնել, որ Մադուրոյի օրերը որպես Վենեսուելայի ղեկավարի հաշված են։ Միաժամանակ նա հավաստիացրել էր, որ Վաշինգտոնը չի ծրագրում պատերազմել Կարակասի հետ։
Դրա հետ մեկտեղ ԱՄՆ առաջնորդը հավանություն է տվել Վենեսուելայում գաղտնի գործողություններ իրականացնելու ԿՀՎ ծրագրերին, որոնք կարող են նախապատրաստություն դառնալ ԱՄՆ ռազմական գործողությունների համար:
Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը հայտնել է, որ երկրի օդային տարածքը փակելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության ֆոնին Վենեսուելան հատուկ միջոցներ կնախաատրաստի քաղաքացիների մեկնումն ու վերադարձը կազմակերպելու համար։
